Հայաստանում կա կիսաիշխանաություն, կիսաընդդիմություն եւ ոչ մի պարզություն
Վերլուծություն
Օրերս Միքայել Մինսայանը իր «Ռեքվիեմ» հաղորդաշարի շրջանակում հայտարարեց, որ Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի եւ «Իմ քայլականների» փրկօղակն է եւ վերջին հույսը: Մինասյանը դա ասաց այն առումով, որ Վազգեն Մանուկյանը քաղաքական գոծիչ է եւ գործում է քաղաքական մեթոդներով, իսկ Նիկոլը այդպիսի «մեղմ» մեթոդները չի հասկանում եւ չի գնում: Ու, քանի դեռ ընդդիմության ղեկավարը (թեկուզեւ ժամանակավոր) լինելու է Վազգեն Մանուկյանը իր քաղաքական մեթոդներով, Նիկոլը չի գնալու եւ հետեւապես պետք է հասկանալ, որ Մինասյանը կոչ է անում անցնել քաղաքականից հեղափոխական մեթոդների:
Այսինքն` պետք է հասկանալ, որ Մինասյանը, որը «Փրկության շարժման» մեջ ներկայացված է մի շարք իր համակիրներով եւ հատկապես Արթուր Վանեցյանով, առաջարկում է փոխել վարչապետի թեկնածուին: Ումո՞վ, հավանաբար, ենթադրվում է նույն Վանեցյանով: Սակայն արդյո՞ք Արթուր Վանեցյանը կհամաձայնվի նշանակման այն սկզբունքներին, որը գործում էին Վազգեն Մանուկյանի պարագայում: Այսինքն` աշխատել վարչապետի պաշտոնում ոչ ավել, քան մեկ տարի, եւ հրաժարվել հետագա ընտրություններին մասնակցելուց: Հավանաբար` ոչ: Արթուր Վանեցյանը այդ նախապայմաններին դժվար թե համաձայնվի, քանի որ նա նոր-նոր է, որ մուտք է գործում քաղաքական ասպարեզ եւ ունի հեռուն գնացող ծրագրեր: Մյուս կողմից, Արթուր Վանեցյանի ոչ վաղ անցյալը, մասնավորապես Նիկոլի կողմից ԱԱԾ պետ նշանակվելը եւ այդ պաշտոնում մի շարք կոշտ հակաընդդիմադիր գործողություններ իրականցնելը, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանին բանտարկելը, այսօր Վանեցյանի օգտին չեն խոսում եւ դժվար թե նույն «Փրկության շարժման» մեջ Ռոբերտ Քոչարյանի համակիրները համաձայնվեն վարչապետի թեկնածուի այդպիսի փոփոխությանը: Եվ ոչ միայն այն պատճառով, որ Արթուր Վանեցյանը Ռոբերտ Քոչարյանի բանտարկության օպերացիայի մասնակիցն էր, այլ նաեւ այն պատճառով, որ Վազգեն Մանուկյանը հենց Ռոբերտ Քոչարյանի թեկնածուն է: Ի դեպ, Վազգեն Մանուկյանը ունի եւս մի առավելություն, որ պաշտոնի է նշանակվել ոչ Նիկոլի օրոք, այլ Հանրային խորհրդի նախագահի աթոռը զբաղցրել էր դեռ նախորդ իշխանությունների ժամանակ, որոնք, ի դեպ, ինչպես հիմա պարզվում է, ո՛չ հանցավոր էին, ո՛չ էլ այնքան կոռումպացված, որքան փորձում էին նրանց ներկայացնել նիկոլիկները:
Մի խոսքով, գոնե մարտավարության վերաբերյալ առկա է տարաձայնություն «Փրկության շարժման» Միքայելմինասյանական եւ Ռոբերտքոչարյանական թեւերի միջեւ: Թե ինչպիսի՞ ընթացք կստանա այդ տարաձայնությունը` դեռ պարզ չէ, սակայն այդ տարաձայնությունը միակը չէ: Ինչպես հայտնի է, ի պատասխան Նիկոլի արտահերթ ընտրությունների վերաբերյալ կոնսուլտացիներ սկսելու առաջարկին «Փրկության շարժումը» հանդես եկավ հայտարարությամբ, որ այդ առաջարկը ամբողջությամբ մերժում է: Սակայն այդ հայտարարությունից օրեր անց «Փրկության շարժման» նույնպես հիմնարար թեւ հանդիսացող ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ, հանդիպեց Փաշինյանին ու ոչ միայն այդ հանդիպումով բարձրացրեց իր վարկանիշը, խիստ խոսելով Փաշինյանի հետ, այլ նաեւ ցույց տվեց, որ շարժման հայտարարությունը իր համար ուղեցույց չէ եւ նա կվարվի այնպես, ինչպես ինքը հարմար կգտնի: Հաշվի առնելով, որ վերջին շրջանում Ծառուկյանական թեւի ակտիվությունը «Փրկության շարժման» շրջանակներում ակնհայտորեն նվազել է, պետք է ենթադրել, որ այդտեղ էլ կան որոշ տարաձայնություններ:
Բացի այդ, պետք է փաստել, որ 17 կուսակցությունների համագործակցության ձեւավորման սկզբնական փուլում բավականին ակտիվ մի շարք կուսակցություններ, ինչպիսիք են` «Ազգային Միաբանությունը», ՍԻՄ-ը, «Ալյանսը», «Ռեֆորմիստները» եւ մի շարք անհատներ, որոնք սկզբնական փուլում ակտիվորեն մասնակցում էին «17-ի» հանրահավքներին ու երթերին, նոր տարվանից անմիջապես առաջ ձեւավորեցին «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կազմկոմիտեն, որը, թեեւ, համերաշխություն հայտնեց «Փրկության շարժման» գործունեությանը, սակայն, այնուամենայնիվ, հիմք դրեց մեկ այլ շարժման ձեւավորման` բավականին հստակ գաղափարախսությամբ, ինչով տարբերվեց «Փրկության շարժումից», որի գաղափարախոսական դրույթները բացված չեն:
Արդյո՞ք այս մարտավարական թվացող բաժանումները իրենց հիմքում պարունակում են տարբեր քաղաքական գործիչների եւ ուժերի ռազմավարական ճանապարհների ու նպատակների հակասությունը, դեռ հայտնի չէ, սակայն փաստը մնում է փաստ, որ վերջին 15 օրվա ընթացքում «Փրկության շարժումը» զգալիորեն նվազեցրել է հականիկոլական գործողությունների շիկացման աստիճանը: Դրա բացատրությունը կարելի է գտնել նաեւ ռուս քաղաքագետ Յուրի Պոդոլյակայի վերջերս հրապարակած մի տեղեկության մեջ. նա նշեց, որ հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպումից առաջ Հայաստանի ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ հրավիրվել էին Մոսկվա եւ նրանց փոխանցվել է, որ այդ հանդիպումը շատ կարեւոր է Մոսկվայի համար եւ Մոսկվան առայժմ նախընտրում է գործ ունենալ Նիկոլի հետ: Թե ովքե՞ր էին Մոսկվա հրավիրված ընդդիմադիրները` ռուս քաղաքագետը չի նշում. մեզ հայտնի է միայն նրանցից մեկը` Էդմոն Մարուքյանը, որն ամանորից առաջ մեկնեց Մոսկվա, իսկ վերադառնալուն պես նրա հետ կատարվեցին աներեւակայելի փոփոխություններ: Մշտապես ՆԱՏՕ-ի կողմնակից Մարուքյանը դարձավ «Հռոմի Պապաից ավելի կաթոլիկ» եւ առաջարկեց, որ Ռուսաստանը տեղակայի Սյունիքում իր երկրորդ ռազմաբազան: Իսկ այնուհետեւ անցավ խոր ընդհատակ եւ մինչ օրս ոչ մի ձայն ու ծպտուն չի հանում: Չի բացառվում, որ Վազգեն Մանուկյանի «մեղմ» քաղաքական մարտավարությունը, որից այդքան խիստ դժգոհում է Միքայել Մինասյանը, անվանելով այն Նիկոլի փրկօղակը, նույնպես բացատրվում է Մոսկվայից եկող վերոհիշյալ ազդակներով:
Բոլոր դեպքերում Հայաստանում շարունակվում է կիսահեղափոխական վիճակը, երբ Նիկոլը գրեթե չի կարողանում կառավարել երկիրը, իսկ ընդդիմությունը չի կարողանում (իսկ գուցե դեռեւս չի ուզում) հասնել իշխանափոխոթյան:
Ա. Հովհաննիսյան