ԻՆՉ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ ԿՈՐՑՐԻՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Հասարակություն
Ի՞նչ երկրաբանական հարուստ ժառանգություն զիջեցինք թշնամուն: «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր ԽԱՉԱՏՈՒՐ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ հետ, ով թվային առումով դժվարացավ կոնկրետ նշել` մասնավորապես նկատելով.
- Դժվար է թվային առումով ասել, այդպիսի տվյալներ, կարծում եմ, դեռ չկան: Բայց փաստ է, որ կորսված տարածքներում կային մարմարի հանքավայրեր, ոսկու հանքերեւակումներ եւ հանքավայրեր, հսկայական ծավալի ջրային ռեսուրսներ կային Քարվաճառի շրջանում: Առհասարակ, երկրաբանական շատ մեծ կորուստներ կան ոչ միայն Արցախում, այլ նաեւ՝ ՀՀ-ում, որովհետեւ Վարդենիսի, Սյունիքի, Վայոց ձորի արեւելյան մասը դառնում է սահմանամերձ եւ, ըստ էության, մենք չենք կարող մոտենալ: Ինչպես որ հիմա Նախիջեւանի եւ Տավուշի հատվածներում չենք կարողանում մոտենալ՝ երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար:
- Այդ կորուստներից հետո ի՞նչ երկրաբանական ռեզերվներ ունենք, որոնք չեն օգտագործվել կամ օգտագործվել են մասամբ:
- Կան իհարկե բազմաթիվ հանքերեւակումներ: Այն փոքր երեւակները, որոնք ժամանակին համարվել են ոչ հեռանկարային, հիմա դառնում են շահութաբեր: Դա վերաբերում է նաեւ Ամուլսարին: Որը բավականին խոշոր հանքավայր է ոսկու ցածր պարունակությամբ, բայց մեծ ծավալի դեպքում այն տնտեսապես շահավետ է շահագործել:
- Ի դեպ, հետաքրքիր է Ձեր տեսակետը, որպես գիտնականի, Ամուլսարի շահագործման հետ կապված:
- Ես տարբեր հարթակներում առիթ ունեցել եմ իմ կարծիքը արտահայտելու: Այստեղ շատ կարեւոր է հասկանալ երկու հանգամանք: Առաջինը, ի՞նչն է Հայաստանի համար առաջնային: Ըստ իս, Հայաստանի համար առաջնայինն ազգային անվտանգությունը եւ տնտեսական զարգացումն է: Այդ երկու առումով էլ արտասահմանյան ներդրումները, ինչպիսինն է Ամուլսարը, շատ կարեւոր են: Որովհետեւ, մի երկրում, որտեղ կան արտասահմանյան ներդրումներ, ապա ներդրողները, բնականաբար, շահագրգռված այդ երկրի անվտանգության ապահովմանը: Այսինքն, փոխկապակցված են այդ հարցերը: Ես էլի եմ ասել, որ խոշորագույն ներդրողի նկատմամբ մի փոքր այլ վերաբերմունք էր պետք դրսեւորել: Ինչ վերաբերում է հանքավայրի շահագործման ռիսկերին, ապա կան տարբեր նորմեր հանքավայրի անվտանգ շահագործման համար: Իհարկե, ցանկացած հանքավայրի շահագործումը ռիսկ է, բայց եթե օգտագործենք միջազգային փորձը, ապա կկարողանանք անվտանգ` պետական վերահսկողության ներքո շահագործել:
- Որոշ բնապահպաններ փաստում էին, որ ՀՀ-ում կան նաեւ նավթի պաշարներ: Հետաքրքիր է Ձեր դիտարկումը:
- Հայաստանում նավթի որոնման աշխատանքներ միշտ իրականացվել են: Ե՛վ սովետական տարիներին, ե՛ւ անկախության ժամանակահատվածում: Իմ կարծիքով, խոշոր արդյունաբերական պաշարներ չկան, բայց որոշ երեւակումներ կան: Օրինակ, մեր երկրաբանական թանգարանում կա 1 լիտրանոց սրվակ, որում հենց հայկական նավթ է:
- Եվ որտեղի՞ց է պեղվել հայկական նավթը:
- Որքան գիտեմ Ողջաբերդի տարածքում հորատանցք է եղել, որտեղից փոքր քանակությամբ նավթ է դուրս եկել: Կան նաեւ գազի երեւակումներ, սակայն խոշոր նավթաբեր կառույցներ Հայաստանում չկան:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ