Դեռ քանի՞ ցեղասպանություն պետք է լինի, որ հայ հասարակությունը հասկանա, թե ով է թուրքը. միջազգայնագետ
ՄիջազգայինՄոսկվայում կայացած Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպումից հետո՝ ստորագրված 4 կետից բաղկացած հայտարարության համաձայն, կողմերն ընդհանուր հայտարարի են եկել տարածաշրջանում տնտեսական, առեւտրային եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում: Ոմանք խիստ ոգեւորված են ճանապարհները բացվելու հնարավորությունից, մյուսներն արդեն Ադրբեջանի հետ առեւտուր անելու մասին վերլուծություններ են կատարում, իսկ գերիների հարազատների հույսը շարունակում է մնալ Աստված:
Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք արեւելագետ-միջազգայնագետ ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ հետ:
- Շատ ցավալի եւ զարմանալի է, երբ պատերազմի հետեւանքով ունենք գերիներ եւ անհետ կորածներ, իսկ պաշտոնական Հայաստանի կողմից հնչում են Ադրբեջանի հետ սահմանների բացման եւ առեւտուր անելու մասին հայտարարություններ: Լավ, մի՞թե մարդ չեն, այլ ռոբոտից են առաջացել: Էլ ի՞նչ պետք է լինի, դեռ քանի՞ ցեղասպանություն պետք է լինի, որ հայ հասարակությունը հասկանա, թե ով է թուրքը: Երբ հայերս խոսում էինք ցեղասպանության, պանթուրանիզմի մասին, օտարազգիները մեզ հաճախ ասում էին՝ չափազանցնում եք, որովհետեւ ունեք 100 ամյա կոնֆլիկտ եւ այլն: Ի դեպ, սա նաեւ տեղի ունեցավ Սիրիայում, երբ հայ պատվիրակությունն Ասադի մոտ գնաց՝ պաշտոնապես հայտնելու, որ դուք սխալ եք անում՝ բացելով սահմանները, տնտեսությունը եւ արագ երկկողմանի գործարաններ, գրասենյակներ կառուցելով Թուրքիայի հետ: Հայերն այն ժամանակ ասացին, որ մենք լավ ենք ճանաչում թուրքերին եւ դուք սխալվում եք՝ նման որոշում կայացնելով: Այն ժամանակ էլ հայերին ասացին, թե չափազացնում եք, բայց փաստը ցույց տվեց, որ հայերը ճիշտ էին: Արդյունքում Թուրքիայի սահմանների բացման եւ տնտեսական շատ արագ գործընթացների հետեւանքով Սիրիայի նման հզոր ազգային տնտեսությունը տուժեց եւ չկարողացավ դիմակայել, որովհետեւ շատ պարզ է՝ ինչքան էլ Սիրիայի տնտեսական ներքին, ազգային ապրանքների որակը լավ լիներ, գները՝ հարմար, բայց Թուրքիան արտադրում էր շատ ավելի մեծ քանակությամբ: Այդ իսկ պատճառով ներկրողի համար շատ ավելի հարմար էր, որ ավելի էժան ապրանք լինի եւ կարողանա ավելի մեծ օգուտ ստանալ, ինչը շատ բնական է: Իսկ պատկերացնո՞ւմ եք, երբ նույնը Հայաստանում տեղի ունենա, երբ մեծ հաշվով մենք տնտեսություն չունենք: Սրա մասին լուրջ խորհել է պետք՝ հաշվի առնելով Սիրիայի փորձը: Հիշեցնեմ՝ Սիրիան նաեւ տուժեց թուրքական ապրանքների հոսքի հետեւանքով, ապա առաջացան ներքին խնդիրներ: Այնպես որ, կարծում եմ՝ տնտեսագետները պետք է լուրջ հաշվարկներ անեն, թե ինչ տնտեսական վնասներ կարող է այս ամենն ունենալ՝ տնտեսական դաշտի վրա:
- Պարոն Կոստանյան, իսկ քաղաքական առումով ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ, ընդ որում՝ ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ՝ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում:
- Էլի հանգում ենք նույն խնդրին, ինչ 2008 թվականին սկսված ֆուտբոլային դիվանագիտությունն էր: Բայց հիմա կարծում եմ՝ Թուրքիան շատ ավելի ագրեսիվ պահանջներ է դնելու, քանի որ կարողացավ մուտք գործել մի պատերազմի մեջ, որի իրավունքը չունեին: Սա նրա պատերազմը չէր, ավելին՝ նրա մասնակցությունը միջազգային իրավունքի խախտում էր, բայց կարողացավ տնօրինել այդ պատերազմը օդային եւ այլ ճանապարհով: Մինչդեռ այսօր Թուրքիային մեղադրող էլ չկա: Ավելին՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինը հեռախոսազանգ է ունենում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ եւ իրար հետ քննարկում են Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքները: Հետեւաբար, հիմա ավելի սխալ է գնալ Թուրքիայի հետ բանակցությունների, որովհետեւ Թուրքիան հստակորեն պետք է կարողանա պարտադրել ներկայիս հայաստանյան իշխանություններին, որ հայությունն այլեւս ոչ մի իրավունք չպետք է ունենա պահանջելու իր պատմական Արեւմտյան Հայաստանի հողերը:
- Իսկ հայ-իրանական հարաբերությունների համատեքստում՝ ինչպե՞ս կարող է անդրադառնալ ճանապարհների ապաշրջափակումը:
- Մենք ամեն ինչ արեցինք, որ հանուն Թուրքիայի մուտքի այս տարածաշրջան՝ օտարենք Իրանին, որը մեր բարեկամ երկիրն է: Այսօր երբ ուսումնասիրում ենք Մեղրիի քարտեզը երկաթգծի, որը հրապարակվեց, տեսնում ենք, որ Սյունիքը դառնում է ոչ կարեւոր մի տարածք Իրանի համար: Իրանն այլեւս կարող է Նախիջեւանով իր տրանսպորտի խնդիրները լուծել: Ապագայի այդ քարտեզին նայելով՝ ինչքան էլ երկաթգիծը տանում է դեպի Ռուսաստան, ինչի համար շատերն այսօր ոգեւորվել են Հայաստանում, պետք է հիշել, որ Ռուսաստանը չէ մեր հարեւանությամբ, այլ Թուրքիան եւ Ադրբեջանը: Եվ երբ դու օտարում ես Իրանին եւ տալիս ես նրան այսպիսի մինիմալ դերակատարություն քո տարածաշրջանում, փաստորեն, ստացվում է, որ այսօր մեր գոյության միակ գրավականը սովից չմեռնելու դառնում է Թուրքիան: Ու այսքանից հետո՝ առանց ամաչելու անում են հայտարարություններ, թե տարածաշրջանը պետք է շատ արագ զարգանա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.