Արնաքամ տղաներին ձեռքներիս վրա պահելով՝ հրետակոծության տակ հասցրել ենք Շտապ օգնության մեքենայի մոտ. Վրեժի ծարավը մեզ էլ ավելի մեծ ուժ տվեց, որպեսզի ոչ մի վարկյան չընկրկենք. Պատերազմը վերապրած ՀԵՐՈՍ ԱՐԱՄԻ սխրանքի ուղղին
Հանդիպում
Ինչքան է խոսվել ու դեռ ինչքան պիտի խոսվի ապրիլյան եւ արցախյան երկրորդ պատերազմի, մեր երիտասարդ հերոսների, նրանց գործած սխրանքների մասին: Այսօրվա ՄԵՐ ՀԵՐՈՍԸ 44-օրյա պատերազմի բոլոր դաժանությունները հաղթահարած, արցախցի զորացրված սերժանտ ԱՐԱՄ ԱԴԱՄՅԱՆՆ է: Արամը Հայ Ամերիկյան համալսարանի <<Տվյալների գիտություն>. մասնագիտության առաջին կուրսի ուսանող է, ում կուրծքը զարդարում են <<Քաջարի Մարտիկ>>, <<Բանակի գերազանցիկ>>, <<Լավագույն մարզիկ֊զինվոր>>, <<Հրետանավորի Երրորդ կարգի մասնագետ>> կրծքանշանները։ Արամը ծառայել է ՊԲ Մարտունի 3-րդ պաշտպանականում:
ՄԵՐ ԴԵՄ ԿՌՎՈՒՄ ԷԻՆ ՓՈՐՁԱՌՈՒ ՎԱՐՁԿԱՆՆԵՐ
Ի՞նչպես է սկսվել պատերազմը, ի՞նչ դաժանությունների է ականատես եղել, ի՞նչպես է կարողացել խրամատում առաջին օգնություն ցուցաբերել արնաքամ եղող ծառայակցին, ում նամակն է հուսահատության պահին նրան եւ ծառայակից ընկերներին չընկրկելու ուժ տվել այս եւ այլ հարցերի շուրջ էլ զրուցեցինք մեր կողքին ՀԵՐՈՍ ԱՐԱՄ ԱԴԱՄՅԱՆԻ հետ, ով նախ հիշեց չարաբաստիկ սեպտեմբերի 27-ի օրը.
- Վեց ամիս սովորել եմ Լուսակերտում, որպես կուրսանտ, ապա վերադարձել եմ Մարտունի եւ որպես ականանետի հրամանատար ծառայել եմ այնտեղ: Պատերազմի օրը շատ հետաքրքիր էր՝ մեզ նախապես զգուշացրել էին, որ ժամը հինգին տագնապ է լինելու, որովհետեւ ինչ-ինչ կասկածներ կան: Հետո հրամանատարն ասաց տագնապի կարիք չկա, պարզապես արթուն մնացեք: Ժամը յոթին հրաման է գալիս հստակ նշանակետով, որպեսզի կրակենք այդ նշանակետի վրա: Մեզ համար տագնապները սովորական էին, բայց ոչ մի անգամ մենք մարտական կրակ չէինք վարել, ինչը մեզ համար անսովոր էր:
Շատ ծանր օրեր էին առաջին մի քանի օրը՝ ծանր, կորուստներով լի, դաժան ապրումներով անքուն գիշերներ էին: Բայց մեզ վստահված՝ Մարտունիի դիրքերը, ինչպես գիտեք պատվով կարողացել ենք պահել: Հրետանին շատ մեծ դեր ունի ընդհանուր զորամասի եւ առհասառակ թիկունքը պահելու համար: Մենք մեր խնդիրը կատարել ենք պատվով: Ավելին, Մարտունին միակ տեղն է եղել, որտեղ մեր զորքը կարողացել է դիրքեր գրավվել եւ առաջ գնալ:
Մոտ քսան օր մեր դիրքերում մնալուց հետո, մեզ ուղարկել են դեպի Կարմիր շուկայի հատվածը, որտեղ թեժ մարտեր էին ընթանում: Այնտեղ բավականին դժվարություններ ենք հաղթահարել: Ծանոթ չէինք տեղանքին, իսկ հակառակորդը երեք կողմից շրջապատել էր մեզ: Անընդհատ տարբեր տրամաչափի զենքերով հրետակոծում էին: Սակայն մեր միասնականության շնորհիվ կարողացել ենք բոլոր դժվարությունները հաղթահարել: Մեր նախկին պոստերը կահավորված էին, բայց այստեղ ընկանք մի հատ անտառի մեջ եւ կրակոցների ներքո սկսեցինք նոր խրամատներ փորել, որից հետո սկսեցինք կրակ վարել հակառակորդի ուղղությամբ:
Ճիշտ է՝ մի անգամ նահանջ արեցինք, բայց հետո ավելի ամրապնդվելով դիրքավորվեցինք: Շուրջ քսան օր էլ այդտեղից ենք աշխատել եւ թույլ չենք տվել, որպեսզի մի մետր անգամ առաջ գա թշնամին: Շատ էին թշնամական ուժի կուտակումները, մի քանի անգամ հարձակվեցին, սակայն մեր ճշգրիտ կրակով կարողացել ենք հետ մղել հակառակորդին: Մեր պայքարի շնորհիվ Կարմիր շուկան մնաց մեր տիրապետության ներքո:
Այդ օրերին հակառակորդը ֆիսքելով մեզ՝ <<Կամիկաձեով>> ճշգրիտ հարվածեց մեր Կամազի վրա: Նման վնաս մենք դեռ չէինք կրել, ճիշտ է շատ էին կրակում մեզ վրա, բայց ոչ վիրավոր ունիեինք, ոչ զոհ: Բայց ամենդաժանը դեռ առեւում էր, երբ հաջորդ <<Կամիկաձեն>> ընկավ մեր տղերքի մեջ՝ վեցից չորսը վիրավորեց, մեկը՝ զոհվեց: Դա մեզ շատ կոտրեց, բայց նույն պահին հասկանալով պահի լրջությունը սթափվեցինք: Վազեցինք առաջին օգնությունը ցուցաբերելու մեր ընկերներին, վիրավոր: Արնաքամ տղաներին ձեռքներիս վրա պահելով՝ հրետակոծության տակ, մեկ կիլոմտեր առաջ ենք գնացել, որպեսզի հասցնենք մեր ընկերներին Շտապ օգնության մեքենայի մոտ: Տեսնելով զոհված մեր ընկերոջը՝ վրեժի ծարավը մեզ էլ ավելի մեծ ուժ տվեց, որպեսզի ոչ մի վարկյան չընկրկենք:
Մենք մինչեւ վերջին օրը պատրաստ էինք կռվելու: Զինադադարի օրը մեզ ասացին, որ սա պատերազմի վերջին օրն է, ամենամեծ հարձակումն է լինելու՝ կամ բոլորս զոհվելելու ենք կամ հաղթում ենք: Հետո կապ են տալիս ժամը վեցի կողմերը եւ ասում, որ վերջ՝ զինադադար է:
Մեր մարտկոցը՝ կորցրել է մեկ կամազ, մեկ ականանետ: Մեր կողմից հակառակորդին տրված վնասը շատ ավելի մեծ էր՝ մոտ հազար հոգու չափ կենդանի ուժ, մոտ տաս-տասներկու կամազ, երեք տանկ, եւ ինչպես մեր զորամասի հրմանատարները ասացին՝ մենք մեր խնդիրը կատարել ենք գեր-գերազանց:
-Արամը, այլեւս ակնհայտ է, որ հակառակորդի կողմից առավել շատ ներգրավված էին ահաբեկիչներ: Դու ինքդ առիթ ունեցել ես տեսնել, թե ինչ էր կատարվում եւ ովքեր էին հակառակորդի կողմից ռազմի դաշտում՝ կպատմես:
- Այո, հակառակորդի կողմից կռվողները հիմնականում խոսում էին արաբերեն, ովքեր արաբական երկրների վարձկաններ էին: Ականատես ենք եղել, թե զինադադարից հետո ինչպես են նրանք տրկատորով փոս փորում եւ իրենց դիերի մեծ մասը թաղում հողում: Դիրերից ընտրում էին ընդամենը մի քանիսին, ովքեր, ըստ երեւույթին իրականում ադրբեջանցիներ էին: Եվ դա եւս փաստ էր, որ մեր դեմ կռվում էին փորձառու վարձկաններ:
-Պատերազմի ամենաթեժ օրերին, բացի վրեժը, ի՞նչն է քեզ ուժ տվել չհուսահատվել եւ առաջ շարժվել:
- Ունեմ սիրած աղջիկ, ով ամեն օր պատերազմի ընթացքում ինձ նամակներ էր ուղարկում: Ճիշտ է՝ չէի կարողանում նրա հետ ամեն օր խոսել, բայց ինքը ինձ ամեն առավոտ պարտաճանանչ նամակ էր ուղարկում, որը ինձ ուժ էր տալիս: Այն օրը, երբ կորցրեցինք մեր ծառայակից ընկերոջը, ունեցանք վիրավորներ, կոտրվել էի շատ: Նույն օրը նամակ ստացա դասընկերուհուցս, որտեղ գրված էր. <<Ամեն մարդ ուժեղ է իր հողում>>: Դասընկերուհուս այդ մի արտահայտությունը ինձ վերստին գոտեպնդելու եւ զինակից ընկերներիս գոտեպնդելու անբացատրելի ուժ տվեց:
-Ինչպիսի՞նն էր Արամը պատերազմից առաջ եւ այսօր:
- Սկսել եմ ավելի շատ գնահատել կյանքը, հասկանալ, որ ցանկացած պահ, ցանկացած վարկյան փայփայել: Չսպիացող վերք ունեմ՝ իմ աչքի առաջ զինակից ընկերս է հանուն հայրենիքի նահատակվել, անբացատրելի է... Դժվարությունները, պատերազմի ապտակները ինձ զորացրել եւ ավելի ուժեղ են դարձրել:
Նկատենք, որ ՄԵՐ ՀԵՐՈՍԻ եղբայրը՝ Գաբրիել Ադամյանը, եւս վերապրել է պատերազմի ողջ դաժանությունը եւ այսօր էլ պատվով շարունակում է ծառայությունը:
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ



