Շատ ավելի վտանգավոր իրադարձություններ են սպասվում, քան արցախյան պատերազմն էր. Նիկողոսյան
Հանդիպում
Մեր տարածաշրջանում իրավիճակը գնալով էլ ավելի է շիկանալու: Այս մասին զգուշացնում է «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ: Ըստ նրա, Հայաստանն արդեն իսկ անելանելի դրության մեջ է հայտնվել:
- Գալու է մի պահ, որ արդեն մեղավորներ եւ անմեղներ փնտրելը դառնալու է երկրորդական, որովհետեւ մոտ ապագայում ամբողջ Հարավային Կովկասը մխրճված կլինի շատ ավելի արյունահեղ սցենարների մեջ, որոնք նախատեսվում են: Այդ ժամանակ հայ ժողովուրդն իր որոշումը շատ արագ պետք է կայացնի եւ ոչ թե կգնա Ռուսաստանի հետ միություն կազմելու ճանապարհով, այլ ամբողջությամբ ՌԴ կազմի մեջ մտնելու: Եվ սա պետք է որոշվի միասնական հանրաքվեով, եթե դրան դեմ չլինի Ռուսաստանը: Հակառակ դեպքում՝ մեր տարածաշրջանում դեռ երկար ժամանակ գտնվելու ենք մեծ ռազմական իրադարձությունների կիզակետում, ինչն ակնհայտ փաստ է: Երկար ժամանակ խոսում եւ քննարկում ենք, թե ինչ տեղի ունեցավ Արցախում, բայց, Աստված չանի, որ նույնը կրկնվի Հայաստանի հետ: Հայաստանում «բոլորը բոլորի դեմ» տրամաբանությունը շարունակելը մեզ ոչ մի լավ տեղ չի տանի:
- ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հուշում էին, որ որեւէ մեկը տեղի ունեցածից դասեր չի քաղել: Ավելին՝ Փաշինյանը շարունակում է իր հետեւյալ տրամաբանությամբ, որ իր չափ գերի նախկիններից որեւէ մեկը չի հետ բերել եւ զարմանում, որ Շուշին համարում են հայկական:
- Ըստ Նիկոլ Փաշինյանի խոսքերի տրամաբանության՝ նա պետք է մնա վարչապետ՝ մինչեւ իր պաշտոնավարման ավարտը: Եվ եթե հայ ժողովուրդը համակերպվում է այս մտքի հետ, այդպես էլ կլինի: Ամեն ինչ կախված է նրանից, թե տարածաշրջանում իրադարձություններն ինչ կերպ կզարգանան, որը պարզ կլինի շատ մոտ ապագայում: Մերձավոր Արեւելքից կրակը մտել է Հարավային Կովկաս: Նաեւ Ռուսաստանում, Աստված չանի, եթե նոր իրադարձություններ լինեն, ինչը նախատեսվում է Նավալնու սցենարներով: Այդ սցենարներով կարող է վերջնականապես կյանքի կոչվի հայ ժողովրդի ոչնչացման ծրագիրը: Այս առումով շատ կարեւոր է, թե Ռուսաստանում իրադարձություններն ինչպես կզարգանան: Չնայած՝ վստահ եմ, որ ՌԴ-ում դեռ ամեն ինչ ամուր է, ինչը չեմ կարող ասել մեր տարածաշրջանի մասին, որը շատ փխրուն է: Մի ժամանակահատված ենք թեւակոխում, որը շատ ավելի վտանգավոր է, քան արցախյան պատերազմն էր:
- Ի՞նչ նկատի ունեք:
- Վերջին օրերի խոսակցություններից մի տեսակ այն տպավորությունն է, որ շատ արագ, ընդամենը երկու ամսվա մեջ բոլորն էլ հաշտվեցին տեղի ունեցածի հետ, Արցախի մասին շատերը ո՛չ խոսում են, ո՛չ էլ քննարկում: Շատ հեշտ տարավ մեր ժողովուրդն Արցախի կորուստը եւ այս տրամաբանությամբ ավելի հեշտ կհաշտվի, բնականաբար, Հայաստանի պետականության կորստի հետ: Չնայած՝ արդեն կորցրել ենք մեր պետականությունը, որովհետեւ եթե չկա Արցախ, չկա Հայաստանի պետականություն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ