Ի՞նչ երգեր ծնվեցին 44 օրյա պատերազմական օրերին (Տեսանյութ)
Շոու բիզնես
Պատերազմում մարտիկներին բոլոր ժամանակներում ոգեկոչել են հայրենասիրական երգերը, իսկ նրանց տանը սպասողներին՝ մխիթարել: Թե ինչ երգեր ծնվեցին 44 օրյա արցախյան այս պատերազմում, «Իրավունքը» ներկայացնում է ստորեւ:
1. Այս շարքում, իհարկե, ամենքի սրտի դուռը բախեց ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «Անունս Արցախ է» երգը: Երգի խոսքերի հեղինակը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանն է, երաժշտության հեղինակը՝ Արման Ղազարյանը: Այն վստահաբար կմնա երգարվեստի պատմության մեջ՝ որպես չհանձնող հայի տեսակի մարտակոչ: Իսկ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» որոշել է այս երգն ընդունել որպես հիմնադրամի հիմն՝ լի հույսով, որ դրա ազդեցիկ ու անկեղծ ոգին բոլորին կմղի իրենց նվիրաբերություններով շարունակական ներդրում ունենալու մեր հերոսներին եւ նրանց ընտանիքներին ցուցաբերվող օժանդակության ազգանվեր գործում:
2. Երգիչներ ՎԱՀՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ՍՐԲՈՒԿԸ, ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ եւ ԳՈՌ ՍՈՒՋՅԱՆԸ պետական պատվերի շրջանակում երգում էին, որ «Հաղթելու ենք»: Տեւական ժամանակ այս երգը դարձավ հիթ, բայց կարճ ժամանակ անց հաղթանակի հույս հետ՝ մարեց նաեւ երգի ակտուալությունը:
3. «Unity Production»-ի թիմը նախաձեռնել էր հայ զինվորին եւ արցախյան պատերազմին նվիրված նոր տեսահոլովակի նկարահանում: Երգի հեղինակն Էդմոնդ Մակարյանն է, գործիքավորումը՝ կատարել է Դեր Հովան, տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է: «Մեզ ոչինչ չի հաղթի» երգը կատարում են ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ, ԳՈՌ ՍՈՒՋՅԱՆԸ, ՍԵՎԱԿ ԱՄՐՈՅԱՆԸ, ՍԵՎԱԿ ԽԱՆԱՂՅԱՆԸ, ՍՐԲՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՍՈՆԱ ՌՈՒԲԵՆՅԱՆԸ, ինչպես նաեւ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԵՆՑԸ, ով պատերազմի օրերին առաջնագծում էր:
4. «Արցախում է սիրտն այսօր հայ ազգի», - այս մասին էր ծնունդով արցախցի ՀՀ վաստակավոր արտիստ ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ «Մատաղ քեզ» երգը, որի խոսքերի հեղինակը կրկին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը գրել է Գուրո Գասպարյանը:
5. Դեռ նոյեմբերի սկզբին հայի մարտական ոգին բարձր էր, իսկ թիկունքում տիրում էր հաղթական տրամադրություն: Պատերազմական օրերին հանրության դատին հանձնվեց Հրաչ Քեշիչյանի ռեժիսուրայով «Վախը` հայից վախենում է» երգի տեսահոլովակը՝ երգիչ ՍԱՐՈ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ կատարմամբ: Երգի երաժշտության հեղինակը Կարենը եւ Սեւակն են, իսկ խոսքերը գրել է Վարդան Զադոյանը:
6. «Զինվո՛ր իմ, տուն արի», - արդեն ամիսներ շարունակ ամենքիս համար աղոթք դարձած այս խոսքերը՝ դարձավ ապրված երգ: Երգի խոսքերի համահեղինակը եւ չորս կատարողներից մեկը լրագրող ԿԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ է: Երգի մյուս կատարողներն են՝ Հովհաննես Մանուչարյանը, Հովհաննես Բաբախանյանը եւ Սյուզի Հարությունյանը: Երաժշտության եւ խոսքերի համահեղինակը՝ Օֆելյա Մկրտչյանն է:
7. Պատերազմական օրերին երգիչ ՍԵՎԱԿ ԱՄՐՈՅԱՆԸ հանդես եկավ «Չքնեք տղաներ» հայտնի երգի կատարմամբ: Հիշեցնենք, որ երգի երաժշտության հեղինակը Գուրգեն Գաբրիելյանն է, իսկ խոսքերը գրել է Յուրի Սահակյանը:
8. Եկեղեցու պատերի ներքո՝ երիտասարդ երգիչ ՀԱՐՈՒԹ ԱՐՇԱԿՅԱՆԸ 44 օրյա պատերազմի օրերին երգեց «ԴՐԴՈ» հանրահայտ երգը՝ տարոնցիների ժողովրդական ռազմակոչը: Այս երգը տարբեր ժամանակներում բարձրացրել է հայ ազգի ռազմահայրենասիրական ոգին, օգնել համախմբվել եւ հաղթել տարբեր գոյամարտերում: Երգիչը համոզված էր, որ հաղթելու ենք, բայց ավաղ, իրականությունն այդպիսին չէր:
9. «Մեծ Հայքի» ՆԱՐԵԿԸ պատերազմական օրերին հանրության դատին ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Դեպի տուն» երգի հիման վրա: Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց ինքը՝ Նարեկն է: Տեսահոլովակում նկարահանվել են դերասաններ Մկրտիչ Քեբաբչյանը եւ Նարեկ Ալեքսանյանը:
10. Հոկտեմբերի վերջին երգչուհի ՕՔՍԻ ԱՎԴԱԼՅԱՆԸ հաստատ գիտեր, որ հաղթելու ենք եւ երգում էր «Չպակասեք տղերք» երգը: Խոսքերի հեղինակը Սյուզի Ավդալյանն է, երաժշտությունը գրել է Գեւորգ Հովհաննիսյանը:
11. Մայրերին նվիրված հայտնի «Ով հայոց մայրեր» երգի կատարմամբ հանդես եկան երգիչներ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ու ԴԱՎԻԹ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ: Երգի խոսքերի հեղինակը Գարեգին Ապարանցին է, իսկ երաժշտությունը գրել է Սրբուհի Քեքեջյանը:
12. Պատերազմական օրերին անոնսը լայն արձագանք ստացավ, բայց այդպես էլ տեղի չունեցավ երգիչներ ՀԱՐՈՒԹ ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆԻ եւ ԳԱՌՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ «Հաղթելու ենք» զուգերգի պրեմիերան: Հավանաբար, երգիչները երգը կհրապարակեն ավելի բարենպաստ ժամանակ, երբ մի օր «Հաղթելու ենք» կարգախոսը կլինի ավելի իրատեսական:
Նյութը պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ











