Պրեմիերա՝ «Մահ դավաճաններին կամ Չաուշեսկուների գնդակահարությունը»
ՏեսանյութերԴեռեւս նախորդ տարվա դեկտեմբեր ամսին ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ, պատմական գիտությունների թեկնածու ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ դեմ քրեական գործ հարուցեցին՝ այն պատճառով, որ նա խոսել էր ո՛չ ավել, ո՛չ Ռումինայի նախկին նախագահ, բռնապետ Չաուշեսկուների գնդակահարության մասին, ինչը հանրահայտ պատմական փաստ է: Իսկ դրան հաջորդեց եւս մեկ տարօրինակ քրեական գործ, որը հարուցվեց ՎԵՏՕ շարժման ղեկավար ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻ դեմ, ում «մեղքն» այն էր, որ իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ «մահ դավաճաններին»:
Այս երկու քրեական գործերի հարուցումն էլ դարձավ առիթը, որ Ն. Մալյանը հեղինակի ֆուտուրիսատական մի նոր ներկայացում՝ «Մահ դավաճաններին կամ Չաուշեսկուների գնդակահարությունը» վերնագրով: Սակայն, ներկայացման առաջնախաղը տապալվեց, որը նախատեսված էր փետրվարի 20-ին՝ Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ: Մինչ այդ հերթական անգամ բերման էր ենթարկվել Նարեկ Մալյանը: Եվ, վերջապես, ներկայացումը տեղի ունեցավ այսօր՝ Բաղրամյան պողոտայում՝ հենց Ազգային ժողովի դիմաց:
Անդրադառնալով մեծ աղմուկ հանած ներկայացմանը՝ ՎԵՏՕ շարժման ղեկավարն ընդունում է՝ ինչ խոսք, ծանր բեմադրություն է, չմոռանանք, որ խոսքը ընտանեկան մահապատժի մասին է. «Իմ դեմ հարուցված 6 քրեական գործերից մեկն այս ներկայացումը բեմադրելու մասին էր: Իշխանությունը գտավ, որ «մահ դավաճաններին» կոչը վտանգ է պարունակում իրենց նկատմամբ եւ բռնության կոչեր հնչեցնելու՝ Չաուշեսկուի գնդակահարության ներկայացման առթիվ, ինձ ձերբակալեցին, ազատազրկեցին, հետո դատարանի որոշումով դուրս եկա: Այնպես որ, սրա համար ես արդեն նստել եմ»:
Ի դեպ, Ն. Մալյանը հիշեցրեց, որ Չաուշեսկուի գնդակահարությունից անմիջապես առաջ ռումինական բանակն անցավ ժողովրդի կողմը, սակայն ռումինական ԱԱԾ-ն մնաց մինչեւ վերջ նրա կողքին. «Սա մի մեծ դրամա է իրենից ներկայացնում, որտեղ իշխանությունից կառչած ու սոսնձված զույգն ունենում է նման ցավալի վերջաբան: Անկեղծ ասած, չէի ցանկանա, որ նման վերջաբան լիներ որեւէ տեղ, առավել եւս, որ մահապատիժը մեր երկրում, որպես պատիժ, գոյություն չունի: Սակայն այս ուղերձով ուզում եմ հանդիսատեսին հասցնել այն միտքը, որ չի կարելի ժողովրդի համբերությունը չարաշահել այնքան, որ ավարտն այսպիսին լինի: Սա ավելի շատ կանխարգելող ուղերձ ուներ, քան կանխատեսող: Բայց ներկայացումը ֆուտուրիստական է, այսինքն՝ միտված է ապագահին եւ սրա համար ինձ ձերբակալեցին»:
ՎԵՏՕ շարժման ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ փետրվարի 27-ին, ժամը՝ 12:00-ին Երեւանի քննչական կոմիտեում ինձ մեղադրանք են առաջադրելու հենց այս ներկայացման համար. «Սա շատ ծիծաղելի է: Ես առաջին մարդն եմ, որ նստում է Չաուշեսկույի գնդակահարության գործով»:
Ի դեպ, ներկայացումն արդեն իսկ սոցցանցում շատերին է «հուզել», այդ թվում՝ դերասան ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻՆ, որը մասնավորապես նշել է. «Չեմ պատկերացնում վախի մթնոլորտ սերմանող, միայն ատելություն, բռնություն, վրեժխնդրություն, դաժանություն քարոզող եւ դրանցից ծնված գաղափարների առաջնորդները, ինչպես կարող են, ինչ-որ բան փրկել: Բայց դե կարողա դա ես չեմ պատկերացնում…»: Չուշացավ նաեւ Սոսի մտահոգության վերաբերյալ դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ արձագանքը, որը «Մահ դավաճաններին կամ Չաուշեսկուների գնդակահարությունը» ներկայացման մեջ մարմնավորում էր Չաուշեսկուի տիկնոջը՝ Ելենային. «Ժողովուրդ, լու՞րջ, թե բա բռնության կոչեր են անում, հարցս կուզեի հղել հուզված կոլեգայիս՝ Սոս Ջանիբեկյանին Սոս ջան, նկարվածդ սերիալներով ինչի՞ կոչեր ես անում։ Ասում են նաեւ երեխաներ են նայել, ի՞նչ պիտի սովորեն, իսկ նույն երեխաները ի՞նչ պիտի սովորեն «կարմիր բերետավորներից», երբ իրենց աչքի առաջ ակտիվիստի քիթ ու մռութ են ջարդում կամ ի՞նչ պիտի սովորեն երկրի ղեկավարից, երբ եթերով բռնության կոչեր է անում։ Հարգելիներս, հուզվել հարկավոր չէ, այդ դեպքում հանել տվեք դպրոցական ծրագրից Րաֆֆու «Սամվելը», երեխաներին թույլ մի տվեք կարդալ Շեքսպիրի «Համլետ»-ը, «Օթելլո»-ն, մանավանդ «Ռիչարդ 3-րդ»-ը, արգելեք նայել «Թոմն ու Ջերրին», «Ռենջերները» եւ ամենավտանգավորը՝ հայկական սերիալներն ու սիթքոմերը։ Լրջացեք ընկերներ ժամանակն է»։
Հավելենք, որ Նարեկ Մալյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է հանրության դատին ներկայացնել եւս մեկ ներկայացում՝ «Դեբիլների ապստամբություն» բալետը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ