ԱԺ-ում «չ»ընտրություն էր
ՏեսանյութերԱզգային ժողովը երեկ պետք է ընտրեր Վճռաբեկ դատարանի դատավոր: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այդ պաշտոնում առաջադրել էր նաեւ ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ թեկնածությունը, սակայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, թե ընտրության չեն մասնակցի, բայց ոչ թե թեկնածուի անձով պայմանավորված, որ, ասենք, իրենց սիրած ձեւակերպմամբ` նախկին էր, այլ այն պատճառով, որ իմքայլականները շարունակում են արշավն ընդդեմ ԲԴԽ նախագահ Վարդազարյանի: Ամեն դեպքում, Ա. Մկրտչյանը չէր սրտնեղել, ավելին` չընտրվելուց հետո անցավ իմքայլականների աշխատասենյակներով ու «հաջող-մաջող» արեց: Իսկ մեզ հետ զրույցում տվեց վերացական պատասխաններ, այդ թվում` անտեղյակ էր, որ ԱԺ բուռն քննարկումներից հետո` երեկ առավոտյան ՀՔԾ էր հրավիրվել ո՛չ ավել, ո՛չ պակաս ԲԴԽ նախագահ Վարդազարյանի կինը: Ինչեւէ, Ա. Մկրտչյանը խուսափեց այն որակել` որպես իշխանության կողմից դատարանների նկատմամբ ճնշում: Իսկ ինչ վերաբերում է Վարդազարյանի պատճառով իրեն չընտրելուն` նշեց, որ միջազգային շատ կազմակերպությունների, այդ թվում` փափուկ իրավունքի որոշումներ կայացնող կազմակերպությունների որոշումներում կար մտավախություն, որ քաղաքական մարմինները հնարավոր է` դատավորների ընտրությունների ժամանակ որոշումներ կայացնեն քաղաքական դրդապատճառներով:
– Ցավում եմ, որ ընտրությունն օբյեկտիվ չափանիշերի հիման վրա չի կատարվում, այլ ընտրությունը կատարվում է քաղաքական որոշման արդյունքում: Բայց ինքս` նախապես թեկնածու ներկայանալով, հասկանում էի, որ գալիս եմ քաղաքական մարմին, եւ կարող է լինել ցանկացած որոշում: Իմ գնահատմամբ` ԱԺ-ն կայացնում է կադրային որոշում, եւ որոշում են` այս կամ այն անձին կարո՞ղ են ներկայացնել Վճռաբեկ դատարան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ