Փաշինյանը դուրս է եկել ոչ թե Օնիկ Գասպարյան անձի, այլ ամբողջ բանակի դեմ. Վահե Գրիգորյան
ԹեմաՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, կարծես թե, շարունակում է մատների վրա խաղացնել ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը: Փաստացի, նա որեւէ կողմի «խաթրից» դուրս չի գալիս` մի կողմից` այնպես է անում, որ Օնիկ Գասպարյանը հեռացվի ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից, մյուս կողմից էլ` չի մերժում ընդդիմությանը եւ դիմում է Սահմանադրական դատարան` Զինծառայության օրենքի հետ կապված: Իսկ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման հրամանագրի վիճարկման առումով ՍԴ դիմում մինչեւ այս պահը չկա ու չկա: Տարբեր մասնագիտական մեկնաբանությունների համաձայն` վերջնական որոշումը պարզ կլինի մարտի 9-ին: Ըստ սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբան ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը կլինի այն դեպքում, երբ ՀՀ նախագահը, օգտագործելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնն օկուպացրած անձի միջնորդությունը կբողոքարկի Սահմանադրական դատարանում` դրանով նաեւ կկասեցվի դրա ուժի մեջ մտնելը:
- Այդ լիազորությունը տրված է ՀՀ նախագահին Սահմանադրությամբ, որտեղ հստակ նշվում է, որ եթե նա որեւէ առարկություն ունի, ապա կարող է դրանք ուղարկել ուղարկող մարմնին: Այսինքն` տվյալ դեպքում` ՀՀ վարչապետին, ինչը ՀՀ նախագահը ի սկզբանե իրականացրել էր: Այնուհետեւ նա կարող է կա՛մ ստորագրել, եւ այն կմտնի ուժի մեջ, կա՛մ` չստորագրել, որի դեպքում արդեն երեք օր հետո այն կմտնի ուժի մեջ, կա՛մ բողոքարկել Սահմանադրական դատարանում: Ընդ որում` Սահմանադրականա դատարան դիմելու ժամկետը պահպանվում է: Գտնում եմ, որ, ամեն դեպքում, ՀՀ նախագահը պետք է ուղարկի այդ միջնորդությունը Սահմանադրական դատարան, որպեսզի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը շարունակի պաշտոնավարել: Ի վերջո, տեսնում ենք, որ սրանով վարչապետը դուրս է եկել ոչ թե Օնիկ Գասպարյան անձի, այլեւ ամբողջ բանակի դեմ, քանի որ ամբողջ շտաբը` մեկ-երկուսի բացառությամբ, միացել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Իսկ դրանից հետո բազմաթիվ գնդապետներ, գեներալներ, բարձրաստիճան զինվորականներ նույնպես իրենց աջակցությունն են հայտնում այդ պահանջին:
– Այս իրավիճակում որքա՞ն ժամանակ է մնացել Օնիկ Գասպարյանին պաշտոնավարման` 24 ժամ, 3 օր, 8 օր... Ի՞նչ է իրականում թելադրում Սահմանադրությունը:
– Հարգում եմ հակադիր կարծիքները` ժամկետի վերաբերյալ, բայց որպեսզի մենք ստանանք դրա պատասխանը, ՀՀ նախագահը պետք է ուղարկի այդ հրամանագիրը Սահմանադրական դատարան` դրա սահմանադրականության հարցը պարզելու համար: Այդ ժամանակ կստանանք նաեւ այն պատասխանը, թե որ ժամկետն է գործում եւ որ դեպքում:
– Իսկ այդ դեպքում մինչեւ Սահմանադրական դատարանի որոշումը` ի՞նչ է սպասվում Օնիկ Գասպարյանին:
– Եթե բողոքարկվում է այդ միջնորդությունը ՍԴ-ում, ապա կասեցվում է տվյալ իրավական ակտի գործողությունը` մինչեւ դատաքննության ավարտը: Դատաքննությունը Սահմանադրական դատարանում տվյալ գործերով տեւում է, եթե չեմ սխալվում, մոտ 10 օր: Մինչեւ դատաքննության ավարտը եւ վճռի հրապարակումը Օնիկ Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել` որպես ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, այսինքն` ամենաբարձր զինվորական պաշտոնյա:
– Ռազմական դրության պայմաններում ի՞նչ լիազորություններ ունի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ, ըստ անհրաժեշտության, ի՞նչ գործիքակազմից կարող է օգտվել:
– Եթե խոսքը ստեղծված իրավիճակի մասին է, ապա Օնիկ Գասպարյանի լիազորությունները շարունակում են մնալ նույնը: Իշխանությունը շատ է շահարկում, թե ռազմական դրության ժամանակ Նիկոլ Փաշինյանը համարվում է գերագույն գլխավոր հրամանատար, մինչդեռ այդպիսի պաշտոն չկա: «Գերագույնը» արհեստական ավելացրել են, որպեսզի իբր փորձեն նրան ավելի բարձր ցույց տալ: Իսկ եթե գնանք ուղղակի Սահմանադրության մեկնաբանությամբ, ապա Օնիկ Գասպարյանը թե՛ ռազմական դրությասն դեպքում, թե՛ մնացած ժամանակներում հանդիսանում է ՀՀ զինվորական ամենաբարձրաստիճան պաշտոնյան: Եթե Հայաստանի Հանրապետությունը պատերազմ հայտարարի, կամ իրեն պատերազմ հայտարարեն, ապա միայն այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը կդառնար իր «երազանքների տղան»` գերագույն գլխավոր հրամանատարը: Բայց զուտ իրավական առումով` այդպիսի իրավիճակ չի եղել, որովհետեւ ռազմական դրության հիմքերից մեկը պատերազմ հայտարարելն է: Բայց պատերազմ քանի որ չի հայտարարվել, Օնիկ Գասպարյանը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը:
– Իշխանության կողմնակիցներն ակնկալում են, որ Նիկոլ Փաշինյանը կձերբակալի Օնիկ Գասպարյանին, ընդդիմության կողմնակիցները հույս ունեն, որ տեղի կունենա ճիշտ հակառակը: Երկու դեպքում էլ` սա ՀՀ գլխավոր դատախազի որոշման տիրույթո՞ւմ է, թե ում ձերբակալի` Փաշինյանին կամ Գասպարյանին:
– Իմ կարծիքով` խնդրի իդեալական լուծումը կլիներ այն, որ ՀՀ գլխավոր դատախազը, հետեւելով իր դասախոսների` 20 իրավաբան-գիտնականների պահանջին, անհապաղ կձերբակալեր պետական դավաճանության շարունակական հանցակազմի սուբյեկտ հանդիսացող Նիկոլ Փաշինյանին: Մնացած դեպքերին անդրադառնալ չեմ ցանկանում, քանի որ ցանկացած դեպքում ես կողմ եմ այնպիսի լուծմանը, որի դեպքում Նիկոլ Փաշինյանի կողմից օկուպացված երկրի ղեկավարի պաշտոնը կազատագրվի: Այսինքն` առավելապես հակված եմ գլխավոր դատախազի նախաքննական գլխավոր մարմնի կողմից Նիկոլ Փաշինյանի ձերբակալման տարբերակին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ