ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Ինչպես հայտնի է, ՀՀ օմբուդսմեն ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ թուրքերի եւ նիկոլաթուրքական խունտայի աչքի գրողն է, քանզի զարմանալիորեն բավարար կամք ունի, որպեսզի բանի տեղ չդնի հողատուի բանավոր ստվերային գործարքները: Ահա ինչ է նա հրապարակավ ներկայացրել, այսպես կոչված «GPS սահմանազատումների» մասին. «Սյունիքի կամ Գեղարքունիքի գյուղերի հարեւանությամբ, Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները Խորհրդային Հայաստանի կամ Ադրբեջանի սահմաններով` 1970-ական, 1980-ական, 1940-ական թվականների (լինի, օրինակ, 1975-1976 թթ., 1985թ., 1942թ.) կամ այլ քարտեզներով եւ GPS-ի տվյալներով հիմնավորել չի կարելի: Որպես ինքնիշխան պետություններ` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել եւ առավել եւս միջազգային որեւէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել»: Իսկ հստակ իրավական ձեւակերպումները չեն սիրում ոչ միայն էթնիկ թուրքերն ու նիկոլաթուրքերը, այլեւ խոշոր խաղացողները: Օմբուդսմենը նաեւ բոլորը աչքն է խոթում այն, ինչը չեն ուզում տեսնել. «Ի դեպ, ինչո՞ւ 1920-ական թթ. քարտեզները սահմանների այս օրերի գործընթացի հետ կապված չեն վկայակոչվում»: Եվ իրոք` ինչո՞ւ...
Հայտնի է, որ վարչախմբի վերջին հույսը քննչական մարմիններն են: Դատարանները հողատուների պատվերները նետում են աղբարկղ, ուստի միակ գործիքը մարդկանց արհեստականորեն կալանավորելու կամ ճնշելու մնում են քննիչները: Ուստի զարմանալի չէ, որ ուսապարկերը խուճապի են մատնվում, եթե որեւէ քննիչ ինքնուրույն է մտածում: Այսպես, ՀՀ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՆՏՈՆՅԱՆԻ նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել` հակաիշխանական գրառումը ֆեյսբուքյան իր էջում կիսվելու համար: Մեզ դրականորեն զարմացնում է այդ տղայի քաջությունը` ոչ միայն դեմ է հողատուներին, այլեւ բացեիբաց եւ հրապարակավ դա ասում է: Դա արժանի է ընդօրինակման, այնպես որ, սեւանցիներ ջան, թեւ ու թիկունք եղեք այդ արժանավոր սպային:
Ի՞նչ եք կարծում, ե՞րբ է հանձնվել Շուշին, նոյեմբերի սկզբների՞ն` ահա եւ զարմանալիորեն սխալվում եք: Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ ապշեցուցիչ բացահայտում է արել, որը սակայն ամենեւին չի զարմացնի քարտեզը կարդալ իմացողին. «Շուշին անգամ չի հանձնվել թշնամուն: Կարեւոր բան եմ ասում, խնդրում եմ ուշադիր եղեք: Շուշին այսօր է հանձնվում Ադրբեջանին: Եվ դա Կարմիր Շուկայում է արվում: Դեռ մի ամիս առաջ եմ զգուշացրել, որ աչքներս այդ գյուղի վրա պահենք: Եկել եւ ուզում են զավթեն այն: Արդեն գրեցի, թե ինչի համար: Եվ այդ ամենը երկու դավաճանների` Նիկոլի ու Արայիկի, համաձայնությամբ: Նրանց հետ Ալիեւի կողմից ձեռք բերված գաղտնի պայմանավորվածություններով: Մի քիչ էլ փակագծեր բացեմ: ԳՇ պետի ու բանակի հրամանատարության հայտնի հայտարարությունը, իմ խորին համոզմամբ, ամենեւին էլ ՀՀ ներքաղաքական վիճակներով չէր պայմանավորված: Թեման Կարմիր Շուկան էր: Եվ երբ հրամանատարները կարծեցին, թե գյուղին այլեւս վտանգ չի սպառնում, նահանջեցին քաղաքական պահանջներից: Թերագնահատել են Նիկոլի ու Արայիկի ստորության աստիճանը: Կարմիր Շուկայում նոր պրոցեսներ են սկսվել»: Սրա առնչությամբ մնում է ընդամենը մի բան ավելացնել` հայ ժողովուրդ, դու ամոթ-աբուռ ունե՞ս, որ ստոր դավաճանները մինչ օրս իշխանության են, այլ ոչ թե բանտում:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ