Տխրահռչակ իշխանություններն ուղղակի կործանեցին Արցախը. Վահան Բաբայան
ՆերքաղաքականՌեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ գնահատմամբ` Ղրիմը եւ Արցախը քաղաքական տեսանկյունից ընդհանրություններ ունեն, քանի որ կա Ղրիմի միջազգային ճանաչման հարց` Ռուսաստանի համար, եւ ՌԴ-ի դեմ որոշակի գործընթացներ են տեղի ունենում` վերամիավորման հետ կապված, ինչպես նաեւ կա Արցախի հարց` Հայաստանի համար:
- Ուղղակի տարբերությունն այն է, որ Ղրիմի մեջքին կանգնած է Ռուսաստան հզոր պետությունը` Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ: Մինչդեռ ցավալիորեն Արցախի մեջքին չկարողացավ կանգնել Հայաստանը, եւ մենք ունեցանք այն, ինչ ունեցանք: Այսօր էլ դեռ ունենք այն տխրահռչակ իշխանությունները, որոնք ուղղակի կործանեցին Արցախը: Եվ այս հարցում մենք ընդհանրապես որեւէ ընդհանրություն չունենք:
«ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ԱՄԵՆ ՕՐԸ ՎՏԱՆԳ Է ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
– Պարոն Բաբայան, մինչ մենք Արցախի մասին ենք խոսում, թուրք-ադրբեջանական տանդեմը չի թաքցնում իր մեծ ախորժակն արդեն Սյունիքի հարցում: Իսկ Ձեր նշած տխրահռչակ իշխանությունն` իր ղեկավարով, շարունակում է պաշտոնավարել: Ինչպե՞ս եք տեսնում ելքը:
– Կապիտուլյանտի ամեն օրը վտանգ է մեր պետության եւ հայության համար: Նա կմնա այնքան ժամանակ իշխանության, քանի դեռ մարդիկ չեն հասկանա, որ ակնկալվող 200 դրամանոց թուրքից առած ձեթը չի կարող ավելի կարեւոր լինել, քան մեր ազգային արժանապատվությունը: Շատ ավելի կարեւոր արժեքներ կան աշխարհում, որը մեր բնակչության մեծ մասը պետք է հասկանա: Հուսով եմ, որ կհաջողվի, ի վերջո, կապիտուլյանտից ազատվել` կլինի փողոցային պայքարի, թե ընտրությունների միջոցով, ժամանակը ցույց կտա: Բայց ողբերգություն է այն, որ դեռ կան մարդիկ, ովքեր աչք են փակում ե՛ւ Սյունիքի առաջ ծառացած վտանգի առաջ, ե՛ւ Արցախի տարածքների եւ պատերազմի կորուստների հանդեպ ու տալիս են կապիտուլյանտի անուն-ազգանունը: Սա ավելի ցավալի է, քան կապիտուլյանտի՝ դեռեւս այդ աթոռի վրա գոյությունը: Դրա համար պետք է ամեն ինչ անենք, այդ ուղղությամբ պայքարը շարունակենք: Չի կարող լինել պայքար, որը չավարտվի հաջողությամբ: Մի քիչ զինվենք համբերությամբ, կարծում եմ` գործընթացներ են հիմա տեղի ունենում, որի արդյունքում կկարողանանք ազատվել կապիտուլյանտից:
– Իսկ այդ ընթացքում, այսպես ասած` կապիտուլյանտը, Ընտրական օրենսգիրքն է փոխում ու պատրաստվում է արտահերթ ընտրությունների: Ի՞նչ դիրքորոշում ունի Ձեր կուսակցությունը փոփոխված օրենսգրքի վերաբերյալ:
– Ինքս ե՛ւ համամասնական ցուցակով եմ ընտրությունների մասնակցել, ե՛ւ ռեյտինգային համակարգով: Քաղաքական գործչի համար չի կարող լինել ահռելի մեծ տարբերություններ այդ հարցերում: Բայց տվյալ դեպքում կապիտուլյանտի այս ափալ-թափալ ռեժիմով փոփոխություններ անելը կապված էր այն հանգամանքի հետ, որ իրենք չունեն վստահելի մարդիկ, ովքեր ունեն տեղերում հեղինակություն ու դրա համար էլ հրաժարվեցին ռեյտինգային ընտրակարգից: Անցյալ ընտրություններին` 2018 թվականին, անուններ չեմ ուզում տալ, բայց այսօր արդեն հանրությանը քաջ հայտնի այնպիսի պերսոնաժներ, ովքեր չէին կարող նույնիսկ 100 ձայն ակնկալել իրենց տարածից, հնարավոր է անգամ իրենց ընտանիքի անդամներն իրենց չընտրեին, այդ ժամանակ տասնյակ հազարավոր ձայներ ստացան ռեյտինգայինով: Ուղղակի, ստացան նրա համար, որ Նիկոլի կուսակցությունից էին: Այսօր հակառակ պատկերն է` այդ մարդիկ վերադարձել են այն վիճակի, որ անգամ 100 հոգի իրենց անձամբ ձայն չեն տա, նույնիսկ այն դեպքում` երբ շատերը դեռեւս կարող են սատարել Փաշինյանին: Եվ սա իրենց համար մտահոգիչ էր եւ, հասկանալով, որ կարող են կորցնել ահռելի ձայներ, գնացին, այսպես ասած, այս ավանտյուրային եւ արագ ռեժիմով փոխեցին այդ համակարգը:
«ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԱՐՎՈՒՄ»
– Կարծում եք` ընդդիմությանը շատ ավելի ձեռնտո՞ւ էր ընտրական ռեյտինգային համակարգը:
– Ի տարբերություն կապիտուլյանտի խունտայի` ընդդիմությունն ունի այնպիսի մարդիկ, ովքեր մարզերում ունեն հեղինակություններ, եւ այդ մարդիկ, եթե գնային ընտրության ռեյտինգային ընտրակարգով, անկախ նրանից, թե որ կուսակցությունն են ներկայացնում, նրանց շնորհիվ այդ կուսակցությունները ձայներ կստանային: Դրա համար կապիտուլյանտն արեց մաքսիմալ հաշվարկ, վերլուծեց իրավիճակը եւ հասկացավ, որ միակ փրկությունը վերարտադրվելու՝ միայն համամասնականով ընտրությունների գնալն է: Այնպես որ, ռեյտինգային ընտրակարգով իրենք ստանալու էին մի քանի անգամ ավելի քիչ ձայն, իսկ ընդդիմությունը տանելու էր ահռելի մեծ քանակով ձայներ: Բայց վատ պարողին գիտեք, թե ինչն է խանգարում, դրա համար կապրենք, կտեսնենք: Ժամանակը ցույց կտա, թե նույնիսկ այս փոփոխության դեպքում ինչպես կլինի, որովհետեւ դեռեւս պարզ չէ` այդ ընտրությունները, ի վերջո, կլինեն, թե` ոչ:
– Ձեր կուսակցությունը որեւէ դիրքորոշում չի հայտնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Ինչո՞վ է սա պայմանավորված:
– Ֆեյսբուքյան գրառումներով ընտրություններ չեն արվում, ընտրություն կլինի այն ժամանակ, երբ կապիտուլյանտը հրաժարականի դիմում կգրի: Քանի դեռ դիմում չկա, անիմաստ է խոսել դրա մասին: Մեր կուսակցությունը գնահատականներ եւ կարծիք չի հայտնում դրա վերաբերյալ, որովհետեւ չկա նախընտրական պրոցես, չկան ընտրություններ: Երբ կապիտուլյանտը կտա հրաժարական, կհայտարարի իր ոճի մեջ, որ սիրում է բոլորին, համբուրում է բոլորին, բայց հեռանում է, այդ ժանանակ կորոշենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ