«AstraZeneka»-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՐՏԱԴՐԵ՞Լ ԵՆ
Հասարակություն
Դեռեւս նախորդ շաբաթ դիմել էինք Առողջապահության նախարարություն՝ փորձելով պարզել, թե ինչո՞ւ ձեռք բերվեց հենց «AstraZeneka» պատվաստանյութը: Եվ որ պակաս էական չէ, ի՞նչ գնով: Այն դեպքում, երբ «AstraZeneka»-ն թաթախված է բազում սկանդալային պատմությունների մեջ, նրան վերագրվում է հազիվ 60-70 տոկոս արդյունավետություն, իսկ ըստ որոշ աղբյուրների՝ դրանից էլ շատ ավելի պակաս: Իսկ ահա մեր դաշնակից ՌԴ-ի «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը, ըստ տարբեր գնահատումների, 92-95%-ի կարգի է: Եթե խնդիրը գինն է, ի՞նչ արժեքով են պատվաստանյութը ձեռք բերել: Խոսքը միանգամայն պարզ հարցի մասին է: Ավելի ճիշտ, առանց մեր հարցնելու էլ նախարարությունը պետք է տեղեկատվություն տարածեր, թե պատվաստանյութի մեկ դոզայի համար վճարել ենք այսքան: Սակայն անգամ գրավոր հարցման համար օրենքով նախատեսված ժամկետները լրանալուց հետո այդպես էլ պատասխան չկա: Մինչդեռ շրջանառվում են խոսակցություններ, որ «AstraZeneka»-ն ձեռք է բերվել մոտ կրկնակի թանկ գնով, քան «Սպուտնիկ V»-ի այն արժեքն է, որին Հայաստանը կարող էր հավակնել, եթե ինքնուրույն բանակցեր ՌԴ-ի հետ: Այն դեպքում, երբ մեր Առողջապահության նախարարության նախկին ու ներկա վերնախավը նախապատվությունը տալիս է «Սպուտնիկ V»-ին, երբ պետք է իրենք ու մեր իշխանական օղակի այլ ներկայացուցիչներ պատվաստվեն: Այսպիսով, եթե «Սպուտնիկ V»-ի փոխարեն «AstraZeneka»-ն (որից, ի դեպ, եվրոպական երկրները մեկը մյուսի հետեւից հրաժարվում են) ձեռք են բերել ո՛չ ցածր գնի եւ ո՛չ էլ՝ բարձր որակի պատճառով, ապա իրականությանն ավելի մոտ են դառնում այն լուրերը, որ իրականում պատճառը կասկածելի գործառույթներով աչքի ընկած «Gavi»-ի, լրտեսական մեղադրանքներ շալակած «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ու նման այլ արեւմտյան կառույցների հանձնարարականներն են:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ