Տիկին դեսպան, խոսե՛ք. ՀՀԿ-ի ակցիան ԵՄ գրասենյակի դիմաց
ՏեսանյութերԵվրոպական միության պատվիրակության գրասենյակի առջեւ երեկ բողոքի ակցիա իրականացրին ՀՀԿ-ական երիտասարդները: Նրանք ԵՄ դեսպանից պահանջում էին չլռել եւ գնահատական տալ համազգային բողոքի մասնակիցների եւ նրանց միջոցառումները լուսաբանող լրագրողների նկատմամբ կիրառվող ոստիկանության անհամաչափ ուժի վերաբերյալ, ինչը փաստող լուսանկարները ակցիայի մասնակիցները բերել էին իրենց հետ: Հանրապետական կուսակցության արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար ԼԻԼԻԹ ԲԵԳԼԱՐՅԱՆՆ ասաց, որ ուզում են հասկանալ` ԵՄ պատվիրակությունը համաչա՞փ է համարում ոստիկանների կողմից ուժի կիրառումը եւ գո՞հ է այն գումարների ծախսումից, որոնք տրամադրել են Հայաստանում բազմաթիվ բարեփոխումների, ներառյալ ոստիկանության ոլորտի բարեփոխումների համար:
– Մենք չենք հասկանում տիկին դեսպանի լռության պատճառը: Ուզում ենք նրա կարծիքն իմանալ, որովհետեւ նա մշտապես ասում է, թե հետեւում է իրավիճակին, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ պարբերաբար կապի մեջ է, բայց այս օրերի ընթացքում որեւէ արձագանք չենք ստացել Մի՞թե նա ասելիք չունի այս ամենի մասին` առավել եւս, որ չի խորշում ամեն անգամ խոսել բարեփոխումներից եւ գոհունակություն է հայտնում: Հիմա եկել ենք հասկանալու՝ արդյո՞ք ինքը գոհ է բարեփոխումներից, որոնք ֆինանսավորվել են Եվրոպական միության պատվիրակության կողմից: Այն կառույցը, որը մշտապես խոսում է ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների մասին, շատ զարմանալի է, որ լռում է` տեսնելով, որ մարդու իրավունքները ամեն օր խախտվում են:
– 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ մարդու հիմնարար բոլոր իրավունքների խախտում էր տեղի ունենում, եվրոպական կառույցները էլի լուռ էին: Ըստ Ձեզ` հիմա արձագանքելո՞ւ են:
– Այո՛, միջազգային հանրությունը լուռ էր: Մենք բազմիցս հայտնել ենք մեր դժգոհությունն այդ ամենի վերաբերյալ, բայց չենք հոգնելու եւ գալու ենք ԵՄ գրասենյակի դիմաց այնքան ժամանակ` մինչեւ իրենք խախտեն իրենց լռությունը եւ խոսեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ