Ոստիկանների գործողությունների մասով 20 քրեական գործ է հարուցվել․ «Ժողովուրդ»
Մամուլի տեսություն
Զանգվածային անհնազանդության ակցիաների մեկնարկից ի վեր ՀՀ ոստիկանության համապատասխան աշխատակիցների՝ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների փաստերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում եւ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ստացվել են 38 հաղորդումներ:
Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, նշել են ՀՀ Գլխավոր դատախազությունից: Մասնավորապես հարցման միջոցով փորձել էինք պարզել, թե անհնազանդության ակցիաների մեկնարկից ի վեր՝ մինչեւ օրս, ոստիկանների գործողությունների մասով քանի դիմում է ստացվել, ում կողմից, որին ինչ ընթացք է տրվել, քանի գործ կա հարուցված եւ ինչ առիթներով:
Դատախազությունից նաեւ հայտնել են, որ քրեական վարույթ հարուցելու նախաձեռնության առիթ են հանդիսացել զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները, քաղաքացիների, ԱԺ պատգամավորների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ փաստաբանների հաղորդումներն ու պաշտոնական գրությունները»: