Հայկական քոչարին՝ Ռուսաստանի օրվան նվիրված համերգին
ՏեսանյութերՀունիսի 12-ը Ռուսաստանի օրն էր: Տոնի կապակցությամբ ռուսաստանյան քաղաքներից մեկում կազմակերպված համերգին իրենց մասնակցությամբ հանդես եկավ «Անուշ» ազգային պարային համույթը՝ հայկական ժողովրդական պարով՝ քոչարիով, որին ներկա էր նաեւ «Իրավունքը»: Այս առիթով զրուցեցինք համույթի ղեկավար ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
– ՌԴ տոնի կապակցությամբ համերգով հանդես եկան Ձեր սաները: Երբվանի՞ց է գործում խումբը:
– «Անուշ» պարային համույթը գործում է շուրջ վեց տարի եւ հիմա արդեն ընդլայնել է իր գործունեությունը: Աշխատում ենք երեք տեղ եւ մասնակցում այն բոլոր միջոցառումներին, որտեղ հրավերներ ենք ստանում:
– Ձեր խմբում շա՞տ երեխաներ կան:
– Մոտ քառասուն աշակերտ ունենք:
– Ռուս ազգի ներկայացուցիչ կա՞ Ձեր համույթում:
– Այս պահին չկա, բայց մեկ տարի առաջ եղել են ռուս սաներ, որոնք շատ գեղեցիկ են հանդես եկել համերգներին:
– Մայիսի 9-ին էլ Դուք հանդես եկաք եւ ներկայացրիք մեր հայկական մշակույթը...
– Այո, ներկայացրինք երեք պար, որտեղ շատ գեղեցիկ կերպով ցույց ենք տվել, թե հայերը ինչ գործունեություն, ներդրում են ունեցել մայիսի 9-ի հետ կապված:
– Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
– Հունիսի 5-ին՝ Լոբնյա քաղաքում, անցկացրինք մեծ համերգ, որին հրավիրված էր ազգային երգիչ Ռուբեն Սասունցին: Այս պահին փորձում ենք մի փոքր հանգստանալ:
– Սա նաեւ կամուրջ է հայ եւ ռուս բարեկամության: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում մեր երկու երկրների մշակութային կապին ու բարեկամությանը:
– Շատ լավ եւ մեր ելույթներով փորձում ենք ամրապնդել այդ ամուր կապը: Ամեն տեղը հայերն աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ ու ազգապահպանությամբ:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ