Փարվանյանները երեկ երիկամս գողացան, այսօր արդեն մարդ են գյուլլում. նոր մանրամասներ Ապարանի աղմկոտ դեպքից
Ներքաղաքական
Ապարանում հունիսի 19-ին տեղի ունեցած հրազենային միջադեպը, ինչի հետեւանքով եղան սպանվածներ եւ վիրավորներ, որքան իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի արագ կոծկվի, այնքան դեպքն առավել ուշագրավ զարգացում ստացավ:
Օրեր առաջ դեպքի հետեւանքով սպանվածների եւ վիրավորում ստացածների հարազատները բողոքի ցույց իրականացրին Ապարանի ոստիկանության դիմաց՝ պահանջելով արդար քննություն: Նրանք սլաքներն ուղղում են Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանի ուղղությամբ՝ շեշտելով, թե նա եւ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի բարեկամն են կազմակերպել, ավելին՝ Փարվանյանի հորաքրոջ տղայի՝ Կառլեն Ղարիբյանի թույլտվությամբ է զինված խումբը մտել Ապարան: Ի դեպ, վերջինս վերցրել է այն գազալցակայանի տեսախցիկի ձայնագրությունները, որի մոտ տեղի է ունեցել դեպքը եւ անհետացել Ապարանից: Սակայն, առավել ցնցող է միջադեպի հետեւանքով սպանված ՊՆ պայմանագրային զինծառայող Համիկ Միքայելյանի հորաքրոջ հայտարարությունը: Նա մասնավորապես ընդգծել է. «Մենք ուզում ենք Փարվանյանները նորմալ ձեւով մաքրվեն Ապարանից: Փարվանյանները քանի կար եվրոպաներում մարդու օրգան էին ուտում, հիմա Հայաստանում մարդու գլուխ են ուտում, ու սա արդեն որերորդ դեպքն է: Սաղ Ապարանը գիտի, թե Գերմանիայում ինչ է եղել: Պահանջում ենք, որ այդ հանցագործները մաքրվեն, մեր աչքին չերեւան»:
Առաջին հայացքից եղբոր որդուն կորցրած կնոջ այս հայտարարությունը էմոցիոնալ պոռթկում թվաց, բայց ասվածի հետքերով գնալով՝ «Իրավունքը» Հանրապետական հիվանդանոցում գտավ հենց այն մարդուն, ով Գերմանիայում կորցրել է երիկամը՝ իր պնդմամբ՝ հենց Փարվանյանների պատճառով: Համիկի հորաքույրը, փաստորեն, խոսում էր ազատամարտիկ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասին, ով այսօր էլ առողջական խնդիրների պատճառով հիվանդանոց է ընկել: Մեզ հետ զրույցում ազատամարտիկը պատմեց, որ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հանցագործ լինելու մասին գիտեր դեռեւս 2012 թվականից:
«Էդգար Փարվանյանը՝ իր եղբոր՝ Հայկազ Փարվանյանի հետ միասին, ինձ խաբելով եւ ահաբեկելով տարան Գերմանիա, ինձնից խլեցին իմ երիկամն՝ իրենց հոր համար, իսկ հետո հրաժարվեցին իմ հետագա բուժումներից: Մինչեւ այսօր ես վարի եմ գնում, ոչ միայն երիկամս չկա, այլեւ աչքս է կուրանում: Այսօր էլ պառկած եմ հիվանդանոցում, մի քանի օրից ինձ պետք է վիրահատեն: Զանգել եմ իրենց, չեն պատասխանում, հաղորդագրություն եմ ուղարկել Էդգարին ու Հայկազին, որ այդքան անմարդկային չլինեն, ինձ օգնեն նորմալ բուժում ստանալ: Բայց այդպես էլ ոչ մի պատասխան չկա», - ասաց Ավետիսյանը:
Ազատամարտիկը Ապարանում տեղի ունեցած հրազենային միջադեպից տեղյակ էր, որովհետեւ նույն հիվանդանոցում, որտեղ ինքն է պառկած, բերել էին նաեւ այդ դեպքի հետեւանքով վիրավորում ստացածներից մի քանիսին:
«Ապարանում բոլոր հանցագործությունները նույն անձնավորության շուրջն է պտտվում: Սպանվածների եւ վիրավորների հարազատները պահանջում են, որ Փարվանյանները հեռանան Ապարանից: Փաստորեն, Փարվանյանները երեկ իմ վրայից երիկամս գողացան, սարքեցին հաշմանդամ, այսօր արդեն մարդ են գյուլլում: Այս մարդիկ պաշտոնում մնալու իրավունք չունեն: Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ նամակ եմ ուղարկել վարչապետին, ջանով-ղուրբանով խնդրել եմ, բացատրել եմ, թե ով է Փարվանյան Էդգարը, ուղարկել եմ փաստաթղթեր, դատարանի ցուցմունքներ, ապացույցներ, որ այդ մարդը հանցագործ է եւ նման բան է արել իմ հանդեպ: Դիմել եմ նաեւ ԱԱԾ պետին, արդյունքում ոչ մի պատասխան: Մինչդեռ եթե այն ժամանակ կանգնեցնեին Էդգար Փարվանյանին, կարող է հունիսի 19-ի դեպքն էլ չլիներ, եւ երեք զոհ չունենայինք: Բայց այս իշխանությունն այն աստիճանի է հաբռգել, որ ինչ ուզում, անում են՝ տարածքներ են հանձնում, հազարավոր երեխեքի գլուխ են ուտում», - պնդում է ազատամարտիկը:
Իր ցավակցությունները հայտնելով հունիսի 19-ին Ապարանում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով սպանված տղաների հարազատներին՝ Արսեն Ավետիսյանը հորդորում է միասին պայքարել. «Ում կարող եք ոտքի հանեք: Իմ գործն ընդդեմ Փարվանյանների գտնվում է Վճռաբեկ դատարանում, առ այսօր փաստաբան չունեմ, հնարավորություն չկա, բայց, միեւնույնն է, Էդգար Փարվանյանը պետք է օրենքով պատժվի: Ձեռքը «վլաստ» կա, ինչ ուզում, անում է, հետագայում էլ ավելի վատ բաներ կանի, եթե չկանգնեցնենք: Այս ամենի վերաբերյալ պետք է պատասխան տան կոնկրետ ԱԱԾ պետը, գլխավոր դատախազը եւ ամենակարեւորը՝ Նիկոլ Փաշինյանը: Փարվանյան Էդգարը ոչ միայն պետք է ազատվի Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից, այլեւ գոնե 10 տարի իր եղբոր հետ միասին նստի, որովհետեւ բոլոր ապացույցները կան, որ ինձնից խաբեությամբ երիկամս խլել են»:
Եզրափակելով խոսքը՝ Արսեն Ավետիսյանը շեշտեց, որ պահանջում է իրավապահներից կազմակերպել առերեսում՝ Էդգար եւ Հայկազ Փարվանյանների հետ. «Եթե մեղավոր չեն, թող գան իմ դիմաց կանգնեն, յուրաքանչյուր ժամանակ պատրաստ եմ առերեսման: Բայց գիտեմ՝ իրենք առերեսման գալու փոխարեն՝ 95 տոկոսով ինձ փորձելու են խփել, որովհետեւ միակ մարդը, որ կարող է իրենց պատժել, ես եմ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ