«ԵՐԲ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՍ ՀԱՅՐԵՆԻՔ՝ ԱՄՈ՛Թ Է ՄՏԱԾԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՄԱՍԻՆ». ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՄշակութայինԱմառային հանգստի կազմակերպման, հայաստանյան մշակութային կյանքի եւ դրա վրա ներքաղաքական իրավիճակի ազդեցության մասին «Իրավունքը» զրուցել է երգչուհի ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
— Ստեղծագործական առումով ի՞նչ նորություններ ունեք: Նոր տեսահոլովակ, երգ պատրաստվո՞ւմ եք հանձնել հանդիսատեսի դատին:
— Նոր երգս ընթացքի մեջ է, իսկ, ընդհանուր առմամբ՝ զբաղված եմ իմ աշխատանքով, առօրյայով՝ կորպորատիվներում եմ երգում:
— Տոթ ամառ է, հանգստի չե՞ք պատրաստվում մեկնել:
— Շատ եմ ցանկանում մեկնել հանգստի: Կորոնավիրուսից հետո ոչ մի տեղ չեմ գնացել:
— Նախընտրում եք Հայաստանո՞ւմ հանգստանալ, թե՞ երկրից դուրս մեկնել:
–Հայաստանում էլ է շատ հաճելի հանգստանալը: Վերջին երկու տարիների ընթացքում Դիլիջան, Սեւան եւ էլի շատ տեսարժան վայրերում հանգստացել եմ: Շատ եմ սիրում Հայաստանը: Մեր օդը, մեր քամուց ոչ մի տեղ չկա, բայց ծովն էլ եմ շատ սիրում: Նպատակ ունեմ ծովային երկիր մեկնելու հանգստի:
— Կա՞ մի երկիր, որտեղ շատ եք սիրում մեկնել հանգստի:
— Հանգստանալու համար Դուբայն եմ շատ սիրում:
— Բացի Դուբայի՞ց…
— Եգիպտոսն էլ եմ սիրում, որովհետեւ աղի է ջուրը, եւ քանի որ լողալ չգիտեմ, վտանգ չկա, որ կխեղդվեմ:
— Իսկ չեք փորձե՞լ սովորել լողալ:
— 2019 թվականին Եգիպտոսում սովորեցի: Արդեն ահագին ժամանակ է անցել, չգիտեմ նորից կստացվի՞ մոտս:
— Երկրում տիրող վերջին իրադարձությունների՝ ընդդիմություն–իշխանություն տարաձայնությունների հետ կապված, ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը:
— Վանեցյանի կազմակերպած հանրահավաքներին ես շատ կողմ եմ: Շատ հավանում եմ նրա գործունեությունը եւ համարում, որ նա պատիվ ունի, իսկ պատիվ ունեցող մարդիկ դելիկատես են դարձել մեր կյանքում, եւ երբ տեսնում ես, ուզում ես տվյալ մարդու կողքին կանգնել, որովհետեւ պատիվ եւ արժանապատվություն ունեցողները հազվադեպ երեւույթ են մեր առօրյայում: Քանի այս վարչախումբը կա, ով էլ առաջնորդի նրանց դեմ պայքարը, նրան անպայման կխայտառակեն: Այսքան էլ որ պահպանվեց Վանեցյանը, էլի իր արժանիքի եւ պատվի շնորհիվ: Դրա համար ողջունում եմ նրան, քանի որ փորձում է քայլեր անել՝ անկախ նրանից ստացվում է, թե՝ ոչ:
— Բայց Դուք նախկիններին էլ էիք դեմ: Ինչպե՞ս ստացվեց, որ իրենց պայքարի կողմնակիցն եք:
— Վանեցյանին ես նախկին չեմ համարում: Նա աշխատել է ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա կառավարության հետ: Այսօր ներկա կառավարությունում ավելի շատ նախկիններ կան, քան՝ նախկինում: Սկսած Նիկոլ Փաշինյանից՝ բոլորն էլ նախկին են, բայց հենց մեկն իրենց դուր չի գալիս, ասում են՝ «նախկին»: Գուցե ես նախկինների հետ խնդիրներ եմ ունեցել, բայց այսօր մեր շահերը համընկնում են: Բոլորս ունենք մի նպատակ՝ այսօրվա վարչախմբին՝ այս ավերակներ ստեղծողներին, պետք է ուղղակի վռնդել: Ով կլինի դրան գնացող, ես կկանգնեմ այդ մարդկանց կողքին, որովհետեւ չէր կարելի մեր երկրի հետ այդպես վարվել… Երբ կորցնում ես հայրենիք՝ ամո՛թ է մտածել անձնական շահերի մասին, որ, օրինակ՝ նախկինների ժամանակ ես խնդիրներ եմ ունեցել…
— ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած՝ կոչումների չեղարկման հետ կապված աղմուկի մասին ի՞նչ կարծիք ունեք:
— Այսօրվա կառավարության նույնիսկ լավ օրենքին ես դեմ եմ: Ինձ համար իրենք չկան, գոյություն չունեն: Պարզապես սուս ու փուս պետք է սպասենք, թե երբ են իրենք գնալու, որ երկիրը խելքի գա: Իրենք ո՞վ են, որ որոշեն, թե մեր երկրում ով ժողովրդական կոչում ստանա, ով՝ ոչ: Կոչումները շոյում են արտիստի ներաշխարհը: Արտիստին ի՞նչ է պետք՝ ուշադրություն, ծափահարություն, որ իրեն շոյված եւ գնահատված զգա: Այնպես չէ, որ մեծ գումարներ են տալիս, դրանից կտրվում են: Գուցե այնտեղ կոպեկներ կան՝ երեւի հենց այդ կոպեկներն են ուզում վերցնեն մարդկանցից, որ ժողովրդական կոչման համար ստանում են: Չեմ կարող հասկանալ՝ ինչպե՞ս կարող է մի հոգի այդքան բան անի: Իմ կարծիքով` խմբակային հանցագործություններ են տեղի ունենում մեր երկրում՝ ինչ–որ մարդկանց կողմից, որը հետո մի օր պարզ կդառնա: Բանդան ղեկավարում է մեր երկիրը` ինչ ուզում, անում է, եւ սովորական քաղաքացիները չեն կարողանում իրենց շահերը պաշտպանել: Ներկայիս վարչախումբը եկել ու քանդել է արվեստում ամեն ինչ: Հիմա էլ ժողովրդական արտիստի ինստիտուտն են ուզում քանդել: Ինչպե՞ս կարելի է վաստակ ունեցող մարդու ձեռքից ետ վերցնել կոչումը:
— Փողոցում «Դիմադրություն» շարժումը գրեթե երկու ամիս է, ինչ երթեր ու հանրահավաքներ է անում` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, բայց դրա արդյունքը տեսնո՞ւմ եք:
— Շատ տարօրինակ է, որ ոչ մեկին չի հաջողվում այս իշխանությանը հեռացնել: Ես լավատես եմ, բայց հանրահավաքին ներկա եղողներից շատ-շատերը հենց դրանից կոտրվում, հիասթափվում են: Դեմ եմ եղել նախկիններին, իրենց վարչախմբին, բայց այսօրվա դրությամբ` այնպիսի վիճակում է մեր երկիրը, որ կկանգնեմ յուրաքանչյուր նախկինի կողքին, միայն թե ամեն ինչ արվի, որ այս վարչախումբն ավարտի իր գործունեությունը մեր երկրում:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ