ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից Հայաստան ուղարկված փոստային առաքանիներում եղել են տարբեր տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ (տեսանյութ)
ՀասարակությունՊետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Վերջին ամիսներին ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի աշխատակիցների կողմից իրականացվող թիրախային վերլուծությունների և նույն վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցների համատեղ ջանքերի շնորհիվ Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից Հայաստանի Հանրապետություն էքսպրես-բեռներ փոխադրողների կողմից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանիներ, ինչի արդյունքում թիրախավորված, բարձր ռիսկայնություն ունեցող առաքանիների միջից հայտնաբերվել են տարբեր քաշերի և քանակի «մեթամֆետամին», «ՄԴՄԱ (էքստազի)», «կրիստալ», «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ, որոնք թաքցված են եղել առաքանու մեջ հայտնաբերված սկավառակի տուփի, խաղաթղթերի, դեմքի համար նախատեսված դիմակի, սարքավորումների համար նախատեսված տուփերի մեջ և այլն։
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հորդորում է քաղաքացիներին, ձեռնպահ մնալ նմանատիպ գործողություններից՝ անօրինական ճանապարհով արգելված ապրանքներ ներմուծելուց, քանի որ իրականացվում է մշտադիտարկում և թիրախային վերլուծություն։
Ծանուցում. ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: