Ես երեխա չեմ, լուրջ մարդ եմ. Բերձորը վերաբնակեցնողը հայաթափելու մասին ասելիք չունի
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ, ինչպես արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը կասեր՝ «սոկրատյան հանգստությամբ», ըստ էության, գուժեց այն մասին, որ նոր ճանապարհի շահագործումից հետո՝ Արցախի Բերձոր ու Աղավնո համայնքներն անցնելու են Ադրբեջանի ենթակայությանը: Հուլիսի 1–ը շատերի կարծիքով հենց այդ «հետո»–ն է լինելու, եւ այն կլինի ճակատագրական Բերձորի ու Աղավնոյի համար: Սակայն այս ահագնացող վտանգը, որի մասին առնվազն քաղաքական եւ փորձագիտական շրջանակները քաջատեղյակ էին 2020 թվականի նոյեմբերի 9–ի չարաբաստիկ հայտարարությունից հետո, կարծես թե, որեւէ մեկը կասեցնել չի պատրաստվում:
Ի՞նչ է լինելու Բերձորի հետ, դեռ ի՞նչ կարող ենք անել հանուն այս, ինչպես ընդունված է ասել, կյանքի ճանապարհի, ի՞նչ է սպասվում բերձորցուն, տեղի պատմամշակութային արժեքներին, վերջապես՝ հայկական շիրիմներին… Այս ամենի վերաբերյալ, թե ինչ մտահոգություններ կան կամ գուցե ստեղծված իրավիճակից դուրս գալու մտքեր, «Իրավունքը» փորձեց պարզել այն մարդուց, ով մի անգամ անկեղծացել էր, որ «երեխայի պես սիրում է» Բերձորը: Ավելին՝ երբ քաղաքն ազատագրվել է, եւ ինքն ունեցել է 2 ժամ այնտեղ լինելու, շրջել է ծայրից ծայր, ինչպես մարդիկ Փարիզ են գնում ու հայտնի փողոցներով շրջելով՝ իրենց կարոտն առնում: Այո՛, կարոտը, չէ որ վերջին մի քանի հայերը «քշվել էին» այնտեղից 1950–ականների վերջերին:
Խոսքը Քաշաթաղի շրջանի նախկին ղեկավար, «Ղարաբաղ կոմիտեի» անդամ, Գերագույն խորհրդի պատգամավոր ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ մասին է, ով մեծ ներդրում ունի Քաշաթաղը վերաբնակեցնելու–հայացնելու գործում: Մինչդեռ այսօր Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի հնարավոր հայաթափման կամ այդ վտանգը կանխելու մասին նա ասելիք չունի: Հարցազրույց տալ կտրականապես մերժեց: Պնդեցինք, որ իր խոսքը հիմա շատ կարեւոր նշանակություն կարող է ունենալ, բայց ասաց, որ ինքն այդպես չի կարծում:
«Ես երեխա չեմ, լուրջ մարդ եմ», – երդվյալ լռություն պահպանելու հաստատակամությամբ շրխկացրեց Ալեքսան Հակոբյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ