Կառավարության ղեկավար ներկայացող անձը նույնիսկ չէր էլ հիշում, թե ինչ բնակավայր է հանձնում. Աբրահամյան
ՆերքաղաքականԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ զարմացնում է այն, թե ինչու է Արցախի Բերձոր, Աղավնո եւ Սուս բնակավայրերի հարցը «կարգավորում» ստանում` խաղաղ հանձնման միջոցով:
— Չստացվի այնպես, որ վաղն էլ նույն ձեւով Ադրբեջանը հավակնություն ներկայացնի Սյունիքի նկատմամբ, ու մենք ասենք` գիտեք, սյունեցիներին տներ ենք տալու Երեւանում, բնակարաններով ենք ապահովելու, նպաստներ ենք տալու: Ի վերջո, 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մեջ փաստացի գրված չէ, որ այլընտրանքային ճանապարհի նախագծումը կամ հետագայում կառուցումը ենթադրում է այդ երեք բնակավայրերի հանձնում: Այսինքն` փաստացի ստացվում է, որ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի հանձնումը համաձայնեցվել է Հայաստանի իշխանության հետ: Ընդ որում` չափազանց մեծ խայտառակություն եմ համարում այն, որ իր ասուլիսի ժամանակ Հայաստանի կառավարության ղեկավար ներկայացող անձը նույնիսկ չէր էլ հիշում, թե ինչ բնակավայր է հանձնում, որովհետեւ իրեն առհասարակ չի հետաքրքրում` կարեւորը հանձնելու բան լինի, իրենք կհանձնեն: Նույնիսկ բնակչության թվերը, որոնք ներկայացնում էր, թե որքան են այս պահին Աղավնոյում եւ Բերձորում, դրանք էլ են հեռու իրականությունից: Այնտեղ լրիվ այլ թվեր են, մարդկանց թիվը շատ ավելին է, քան ներկայացվում է: Նաեւ Արցախի իշխանությունների գնահատականներում այսօր կա միտում թեման ամեն կերպ բերել ոչ թե այն դաշտ, թե ինչու է նոյեմբերի 9–ի փաստաթղթի համապատասխան դրույթը այսօր այսպես մեկնաբանվում եւ մարսեցնում հանձնման գործընթացը, թե իբր անխուսափելի էր, այլ փորձում են թեման ամեն կերպ տանել շատ ավելի սոցիալական ուղղվածության դաշտ: Կարծում եմ` մեր բոլորի խնդիրն է այսօր թեման թույլ չտալ որեւէ ձեւով տեղափոխվի զուտ սոցիալական, հումանիտար դաշտ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ