Պայթյունից տուժած 4 անձ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում. նրանցից մեկի վիճակը ծանր է
ՊատահարԱշտարակում «Յունիբանկի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունից հետո Այրվածքաբանության ազգային կենտրոն է դիմել 4 տուժառու, բոլորը վերակենդանացման բաժանմունք են են տեղափոխվել, նրանցից մեկի վիճակը ծանր է՝ հաշվի առնելով այրվածքների տոկոսը, մոտ 40 տոկոս մակերեսով այրվածքներ ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը:
«Հիմնականում 2-րդ, 3-րդ եւ 4-րդ աստիճանի այրվածքներ են, որովհետեւ անմիջապես բոցը խփել է դեմքին և վերին վերջույթներին: Մյուս հիվանդները 15-20-25 տոկոս մակերեսով այրվածքներ են ստացել: Հիմնական հիվանդների ախտանիշներից ամենակարեւորը ինհալացիոն այրվածքներն են, այսինքն շնչուղիների այրվածքները: Փակ տարածքում կրակ է եղել, հետեւապես, բոցի հետեւանքով տեղի է ունենում վերին շնչուղիների այրվածք:
Ավելի քիչ այրվածքներ ունեցողներին կհետեւենք վերակենդանացման բաժանմունքում, տեսնենք, եթե այլ բարդություններ չլինեն, հնարավոր է 1-2 օրից նրանց տեղափոխենք այրվածքաբանության ազգային կենտրոնի այրվածքային բաժանմունք»,-ասաց նա:
Բժշկի խոսքով, հիվանդներից մեկը, 33-34 տարեկան տղամարդ, ավելի երկար կմնա վերակենդանացման բաժանմունքում:
Նա տեղեկացրեց, որ 4 հիվանդներից մեկը կին է, երեքը՝ տղամարդ, տղամարդկանցից մեկը բանկի հաճախորդ է:
Տուժածներն են. Հ. Կ.-ն (ծնված 1991 թ․), Հ. Չ.-ն (ծնված 1996 թ․), Լ. Ա.-ն (ծնված 1996 թ․), Ա. Մ.-ն (ծնված 1972 թ․), Հ. Խ.-ն (ծնված 1978 թ․), Լ. Շ.-ն (ծնված 1996 թ․) և Ռ. Խ.-ն (ծնված 1963 թ․) հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ Հ․Կ-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Հ․ Չ.-ինը, Հ․ Խ.-ինը, Լ․ Շ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Լ․ Ա.-ինը և Ա․ Մ.-ինը՝ բավարար: Հ․ Չ.-ն, Հ․ Խ.-ն և Լ․ Շ.-ն տեղափոխվել են Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, Ռ․ Խ-ն մահացել է։