Ոչ թե տուժողը ՀՀ իշխանությունն է լինելու, այլ հայկական պետականությունը. Մինասյան
ՆերքաղաքականԻրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի՝ ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահների հետ Թեհրանում կայացած հանդիպումներում հնչեցրած հայտարարությունն առ այն, որ Իրանը չի հանդուրժի Իրան-Հայաստան սահմանի փակումը, եւ այն հազարամյա հաղորդակցության ճանապարհ է, բավական լայն քննարկվեց հայաստանյան տիրույթում, սակայն Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ հանրության ուշադրությանն է ներկայացնում այն ամենը, ինչը կարեւոր էր, բայց աննկատ մնաց:
— Նախ հատկանշական է այն, որ Հայաստանը չի անում հայտարարություն, որ մենք դեմ կլինենք, որ հազարամյակների տեւողության սահմանը խաթարվի, եւ արդեն մեր հարեւանները, բարեկամները, որոնք եւս շահագրգռված են այդ սահմանի անխափան գործունեությամբ՝ իրենք են անում: Ուշագրավ էր նաեւ այն, թե այս հայտարարությունից առաջ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել: Դրանից առաջ Թիֆլիսում հանդիպել էին ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները: Այդտեղ խոսվել էր այն հայկական զորամիավորումների մասին, որոնք գտնվում են Արցախի Հանրապետությունում եւ պետք է դուրս գան: Ադրբեջանի հայտարարությունից ընդամենը շատ կարճ ժամանակ անց արձագանքեց ՀՀ ԱԽ քարտուղարը եւ հաստատեց, որ կան նման զորամիավորումներ, որոնք պետք է դուրս գան ԱՀ-ից շատ արագ ժամկետներում: Մինչդեռ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպման ընթացքում որեւէ խոսք չի ասվել այն մասին, որ ադրբեջանական զորամիավորումները գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, եւ դրանք գտնվում են ոչ օրինական կարգավիճակում: Բայց, ըստ էության, ադրբեջանական կողմն առաջ է մղում իր ազգային ու պետական շահերը՝ պահանջելով, որ ՀՀ զինված ուժերը հեռանան, դրան անմիջապես արձագանքում է ՀՀ ԱԽ քարտուղարը, միաժամանակ ՀՀ ԱԳ նախարարը խոսք անգամ չի ասում ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի մասին: Այս համատեքստում ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը խաղից դուրս է գտնվում` այն դեպքում, երբ ՀՀ ազգային եւ պետական շահերի պաշտպանության խնդիր կա: Նույնիսկ, երբ ՀՀ պաշտոնատար անձինք ֆիզիկապես ներկա են, չեն պաշտպանում այդ շահերը, իսկ երբ ներկա չեն, մեր փոխարեն այդ շահը Իրանի Իսլամական Հանրապետությունն է պաշտպանում:
— Ի՞նչ կասեք Թուքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարության մասին` առ այն, որ խոսքերը բավարար չեն, եւ Փաշինյանի գլխավորած իշխանությունը խաղաղության համար դրական քայլեր պետք է անի:
— Ըստ էության, նա ասում է, որ հայ-թուրքական բարեկամական հարաբերությունների հաստատման համար երկու խանգարող հանգամանք կա՝ ՀՀ ընդդիմությունը եւ սփյուռքը: Իսկ երբ անդրադառնում ենք այն խնդրին, թե ինչ էր հայ-թուրքական բանակցությունների արդյունքի հետ կապված ասում Իրանը, տեսնում ենք, որ հայկական իշխանությունը դավաճանել է հայկական շահերին, ու միայն ընդդիմությունն ու սփյուռքն է պաշտպան մնացել: Պատահական չէ, որ Չավուշօղլուն խոսում է, որ ՀՀ իշխանության կողմից խոսքով համաձայնություն կա, սակայն ուշանում է դրա գործնական իրականացումը: Եթե հեռանանք գրական բառապաշարից եւ անդրադառնանք գագիկջհանգիրյանական տերմիններին, ապա ակնհայտ է, որ Չավուշօղլուն ուզում է ասել, որ մենք դրել ենք ՀՀ իշխանությունների վզին, եւ նա պարտավոր է այդ զիջումներին գնալ: Ակնհայտ է, որ այս իրավիճակում գավառական ճարպկությունը, որը մեր դիվանագիտությունը փորձում է իրականացնել վերջին չորս տարիներին, բերելու է ֆիասկոյի: Ցավոք, ոչ թե տուժողը ՀՀ իշխանությունն է լինելու, այլ` հայկական պետականությունը:
— Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ստեղծված իրավիճակում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին Արցախ է հրավիրել՝ Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար:
— Եթե նախնական քննարկումներ չլինեն, եւ ընդհանուր եզրեր չձեւավորվեն, դժվար է պատկերացնել, որ այդ հանդիպումը որեւէ նշանակալի արդյունք կունենա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ