Հայերի համար նախընտրելի եւ մատչելի միջոցը շարունակում է մնալ հանգիստը Վրաստանի ծովափնյա քաղաքներում
ԹեմաԱմառային հանգիստն իր ամբողջ հմայքով ներկայանում է հուլիս եւ օգոստոս ամիսներին: Այս շրջանում բոլորն են ծրագրում գտնել ամառային հանգստի մատչելի տարբերակներ:
Վերջին տարիներին շոգից պատսպարվելու հայերի համար նախընտրելի եւ մատչելի միջոցը շարունակում է մնալ հանգիստը Վրաստանի ծովափնյա քաղաքներում: Այստեղ ե´ւ ճանապարհածախսն է մատչելի, ե´ւ գիշերակացը, ե´ւ մատուցված ծառայությունները: Դա է պատճառը, որ շատերն էլ պարզապես չեն շտապում հանգստի համար նախատեսած գումարը ծախսել Հայաստանում։ «Հայաստանում եւ արտերկրում հանգստանալը համեմատելով, հասկանում ենք, որ ավելի մատչելի է դրսում հանգստանալը, քանի որ այնտեղ հանգստի համար նախատեսված գումարը ներառում է ավիատոմսի արժեքը, մատուցվում են էժան եւ ավելի որակյալ ծառայություններ: Ուստի բնական է, որ պետք է նախընտրենք դուրս գնալ»,- այսպես են բացատրում Վրաստանում հանգիստը կազմակերպել պատրաստվող մեր մի շարք զրուցակիցները:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը անդրադառնալով թանկ հանգստին այսպես բացատրում. «Մեր մասնավոր հատվածը միշտ էլ ողջամիտ է եղել եւ իրավիճակից ելնելով ողջամիտ որոշումներ է կայացրել։ Այս փոքրիկ շուկան իրենք պետք է կարողանան օգտագործել, իրավիճակից բխող գնային քաղաքականություն մշակել: Եվ այդպես էլ անում են, բայց հաշվի առեք համատարած գնաճը: Այնուամենայնիվ, համաձայն չլինելով, որ Հայաստանում թանկ է, կոչ եմ անում մեր մասնավոր հատվածին` հնարավորինս մեղմ գնային քաղաքականություն մշակեն»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ