«Եռաբլուր» տանող ճանապարհահատվածն այսուհետ կլինի լուսավոր. կառուցվել է նոր ցանց
ՀասարակությունԵրևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով քաղաքապետարանը ՄԱԶԾ-ի աջակցությամբ այս տարի ձեռք է բերելու շուրջ 500 մլն դրամի լուսատու: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն աշխատանքային հերթական խորհրդակցությանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել՝ 2023 թվականին նույն քանակի լուսատուների ձեռքբերման համար:
Ավարտվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող՝ մուտքի կամարից մինչև աստիճանահարթակ, շուրջ 1.3 կմ ճանապարհահատվածի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:
Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում ոռոգման ջրի խնդիրն ամբողջությամբ կլուծվի: Ավարտվել է 377մ ջրագծի փոխարինումը:
Քաղաքապետի հանձնարարությամբ հսկողություն է սահմանված Երևանի շինհրապարակներում աշխատանքների որակի, կահավորման, նախագծերի և շինարարության թույլտվությունների համապատասխանության նկատմամբ: Ապրիլի 25-ից մինչ օրս արձանագրվել է խախտման 171 դեպք, որից 100-ը՝ շինարարության ընթացքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի առնչությամբ: Քաղաքում այսօր կառուցվող 237 շենքերից 49-ն էլ առայժմ նախազգուշացվել և ծանուցվել է:
Բացօթյա ապօրինի առևտուրը մայրաքաղաքում վերացնելու նպատակով առևտրի և ծառայությունների վարչությունը և հասարակական կարգի պահպանության ծառայությունը վարչական շրջանների աշխատակազմերի և ոստիկանության հետ ամենօրյա ստուգայցեր են իրականացնում: Նախորդ շաբաթ կազմվել է 30 արձանագրություն: