Ադրբեջանն ասում է՝ գերության մեջ է 38 հայ զինծառայող, մինչդեռ նրանց թվում պետք է լինեն ևս 26-ը
Հասարակություն
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցին բարձրաձայնել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ Ադրբեջանը հաստատում է, որ գերության մեջ է պահում 38 հայ զինծառայողների, մինչդեռ հայկական կողմը համարում է, որ գերիների թվում պետք է լինի ևս 26 զինվորական։
Դեսպանը ընդգծել է, որ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություն է եղել, որ գերիների փոխանակումը լինելու է բոլորը բոլորի դիմաց:
Դեսպանի խոսքով՝ հայկական կողմն ունի համապատասխան փաստաթղթային ապացույցներ, տեսագրություններ, ինչպես նաև արդեն Հայաստան վերադարձած նախկին գերիների ցուցմունքները։
Կարապետյանը հավելել է, որ ադրբեջանական կողմը բաց է թողել հայ զինվորականների մի մասին՝ ականապատման քարտեզների դիմաց։
«Որպես բարի կամքի դրսևորում, Հայաստանի ղեկավարությունը փոխանցեց ականապատ դաշտերի այն քարտեզները, որոնք մենք մեր տրամադրության տակ ունեինք դեռևս 90-ականներից սկսած՝ ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներից»,- պարզաբանել է դեսպանը։
«Չնայած նրան, որ Ադրբեջանը հրապարակավ և բազմիցս բողոքել է այդ քարտեզների որոշ անճշտության մասով, սակայն դրանք մեր կողմից փոխանցելուց հետո պայթյունների թիվը զգալիորեն նվազել է, և ընդամենը մեկ-երկու մահացության դեպք է եղել: Մեր քարտեզները բավականին ճշգրիտ են, բայց պետք է հաշվի առնել անցած ժամանակահատվածը»,- ամփոփել է Վլադիմիր Կարապետյանը։