«Ֆրեսկո» փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն լուսանկարիչներ Յուրի Մեչիտովը եւ Դմիտրի Բրիկմանը
Մշակութային«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2022 թ-ի օգոստոսի 18-ից 28-ը կիրականացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը՝ ներառական ուղղվածությամբ, «Միասին կարող ենք» խորագրով:
Այս տարի փառատոնն իր շուրջ կհամախմբի տարբեր երկրներից արվեստագետների, կինոգործիչների և այլ մտավորականների: Փառատոնի նպատակներից է ակտիվացնել հատկապես մարզային մշակութային կյանքը:
Փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն վրացի լուսանկարիչ Յուրի Մեչիտովը («Փարաջանովի ֆենոմենը» խորագրով հանդիպում), իսրայելացի լուսանկարիչ, լրագրող՝ Դմիտրի Բրիկմանը: Հյուրերը հանդիպում կունենան Վանաձորում, կկիսվեն մասնագիտական մտություններով և իրենց փորձառությամբ։ Հյուրերի հետ մեկ հանդիպում էլ տեղի կունենա Երեւանում։
Հանդիպում-քննարկումներից զատ փառատոնի շրջանակում սպասվում են բազմազան համերգային ծրագրեր, ֆիլմերի ցուցադրությոններ եւ մարզային ճամբարներ։
Հիշեցնենք, որ «Ֆրեսկոն» մասնակիցներին փառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է ներկայացնում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչև միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչև մրցանակ:
«Ֆրեսկոն» համախմբում է տարբեր սերնդի և ճաշակի պատկանող հանդիսատեսի՝ ռոքից մինչև դասական, դասականից մինչև ժողովրդական:
Փառատոնի կազմակերպիչ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը արտադպրոցական ստեղծագործական հաստատություն է, որը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ապահովում է գեղագիտական մասնագիտական կրթությամբ:
Փառատոնի գլխավոր աջակիցն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, աջակիցներն են՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Ֆորմիկա Արտ» փրոդաքշնը, ՀԵՀԵՄ գրասենյակը և «Ծիածան» սոցիալական հասարակական կազմակերպությունը: