Բերձորից ադրբեջանական տեսանյութեր սոցցանցերում տարածելով՝ մեր դարդին դարման չենք անի. Բալասանյան
ՆերքաղաքականԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ գնահատմամբ՝ ամեն օր Բերձորից ադրբեջանական տեսանյութեր սոցցանցերում տարածելով՝ մեր դարդին դարման չենք անի։ Դրա փոխարեն պետք է համախմբվել:
- Ազգային հերոս Մովսես Գորգիսյանն ասում էր՝ «Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»։ Պետք է Արցախի հետ կապված կոնկրետացնենք հանրային պահանջ՝ ուղղված պատասխանատուներին: Միշտ մտածում էինք, որ կոնֆլիկտը սառեցնելով ու հարցի հանգուցալուծումը երկարաձգելով՝ աշխարհը մի օր կկանգնի մեր կողքին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի իր, այսպես կոչված, տարածքային ամբողջականության վերականգնման պահանջից։ Սակայն, ցավոք սրտի, այդպես չեղավ: Եվ հիմա պետք է իշխանություններից բոլորս մի բան պահանջենք՝ վերականգնել ԼՂԻՄ սահմանները, որն ընդունում էր անգամ Ադրբեջանը, կազմակերպել Շուշիի ու Հադրութի շրջաններից տեղահանվածների վերադարձը իրենց բնակավայրեր ու հստակ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ Արցախի հետագա ճակատագրի որոշման հետ կապված։ Ընդ որում՝ այդ բանակցությունները վարել ոչ թե Մինսկի խմբի ֆորմատով, այլ 3+3 ֆորմատով, քանի որ մեր տարածաշրջանում Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան են այսօր հարց լուծողները։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ