Ո՞ր հայ աստղերն են այս տարի մասնակցել Կանադայի «Summer fest»-ին
ՏեսանյութերՅուրաքանչյուր տարի Կանադայում հայ համայնքի նախաձեռնությամբ տեղի է ունենում ամառային երաժշտական փառատոն՝ «Summer fest», որտեղ հանդես են գալիս հայ մեգա աստղեր: Այս տարիների ընթացքում «Summer fest»-ի շրջանակներում կանադահայ հանդիսատեսին իրենց համերգային ելույթներով հայկական շունչ են փոխանցել ՀՀ վաստակավոր արտիստներ Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Ռազմիկ Ամյանը, Սիրուշոն, Հարութ Փամբուկչյանը, այդ թվում եւ երգիչներ Մարտին Մկրտչյանը, Հարութ Բալյանը եւ այլ անվանի արտիստներ:
«Summer fest»-ը Կանադայի Տորոնտո եւ Մոնրեալ քաղաքներում տեղի է ունենում տարին մեկ անգամ՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին: Հայ երաժշտարվեստում պահանջված երաժիշտ-գործիքավորող, դաշնակահար ԷԴԳԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ այս տարի եռօրյա ամառային երաժշտական փառատոնին, որպես երաժիշտ, հանդես է եկել Տորոնտոյում կայացած երաժշտական փառատոնի երկու համերգային օրերին:
Հուլիսի 8-ին երգիչ Մարտին Մկրտչյանն իր ստեղնաշարային գործիքների հնչողությունը վստահել է հենց Էդգար Հայրապետյանին: Իսկ արդեն հուլիսի 9-ին Էդգարը նվագակցել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արմենչիկի մենահամերգին եւ, ինչպես արտիստի բոլոր մենահամերգներին, ղեկավարել երաժշտական խումբը:
«Մեկ տասնյակից ավելի տարիներ է պատիվ եմ ունեցել ներկա լինելու Կանադայում հայ համայնքի կողմից կազմակերպվող ամառային երաժշտական փառատոնին՝ «Summer fest»-ին, եւ պիտի ասեմ, որ ամեն անգամ հուզմունք եմ ապրում տեսնելով հայ համայնքի կարոտագին աչքերը, թե ինչ սպասումով են լցված, որպեսզի հայ աստղերի կատարմամբ վայելեն հայաստանյան շունչը: Իսկապես այս տարի եւս հրաշալի համերգային օրեր ենք ունեցել ե՛ւ Մարտին Մկրտչյանի, ե՛ւ Արմենչիկի մենահամերգի օրերին»,- նշեց երաժիշտը:
Երաժիշտ-գործիքավորող, դաշնակահար Էդգար Հայրապետյանը փաստեց, որ, որպես երաժիշտ, երկու տասնյակից ավելի է համերգային շրջագայություններով շատ հայ աստղերի հետ է եղել աշխարհի տարբեր ծայրերում. «Վստահորեն կարող եմ ասել, որ մեր հայ աստղերը մշտապես սպասված են հայ համայնքների ներկայացուցիչների կողմից»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ