Տղե՛րք, ինչ որոշեք, մինչեւ վերջ ես ձեր հետ եմ. «Անահիտ» ջոկատի հրամանատար
ՏեսանյութերԱրցախյան ազատամարտի «Անահիտ» ջոկատի հրամանատար, փոխգնդապետ ԱՆԱՀԻՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ գնահատմամբ` միայն Արցախից չէ, այսօր նաեւ Հայաստանի տարածքից են մաս-մաս հանձնում թշնամուն: «Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ ահավոր ցավ է ապրում:
— Վերջին օրը լուսահոգի Արկադի Իվանիչը (լեգենդար Կոմանդոսը) եղել է իմ տանը եւ միայն մի բան ասաց. «Անահիտ, скажи всем ребятам – верните мне, пожалуйста, Шуши»: Ես իմ Շուշին եմ ուզում, իմ Հադրութն եմ ուզում, իմ Չարդախլուն եմ ուզում, իմ Լեռնային ու Դաշտային Արցախն եմ ուզում, իմ տունն եմ ուզում, իմ պատիվն եմ ուզում, որը ունեցել եմ եւ ունեմ: Որպես, հայ կին, հայ մարդ` հպարտ եմ ծնվել ու հպարտ էլ մեռնելու եմ: Ես ծնվել եմ Չարդախլուում, այդ հողի մարդն եմ ու չեմ կարող տեսնել այն ամենը, ինչ հիմա է կատարվում:
— Տիկին Մարտիրոսյան, ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի ելքը: Ի վերջո, ի՞նչ անել:
— Այն, ինչ ձեռք է բերվել, ազատագրվել է, ուզում են ներկայացնել` իբրեւ գրավյալ: Չի՛ եղել գրավյալ տարածքներ, եղել են ազատագրված: Պե՞տք է` գնանք կռվենք, պե՞տք է` գնանք կոկորդները կրծենք, բայց իմ Հայրենիքը տորթ չի, որ ամեն մեկը կտոր-կտոր անի: Ես այս պատերազմում իմ տղայի հետ եմ մարտնչել, իմ քրոջ տղային եմ կորցրել, մարտական ախպերներ եմ կորցրել ու չեմ ուզում այս ամենը թողնել իմ թոռների վրա, ուղղակի` չեմ թողնելու: Դրա համար ասում եմ` տղե՛րք, ինչ որոշեք, մինչեւ վերջ ձեզ հետ եմ: Այսօր մեզ ուզում են կոտրել ու ոչնչացնել:
— Բայց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասում է, թե «մեր երազանքների բանակը, սարերի հետեւում չէ»: Որքանո՞վ եք իրատեսական համարում:
— Նա ոչ մի բան չի կարող ստեղծել, որովհետեւ բանակի հետ ընդհանրապես կապ չունի: Մի մարդ, որը ծառայության մեջ ինքն իրեն ցույց չի տվել, ինչպե՞ս կարող է բանակի մասին խոսել: Իրենք ինչ եկել են, միայն քայքայել են, իրենք չեն կարող երազանքների բանակ ստեղծել: Իսկ մենք չենք վախենում, մեր Հայրենիքն ենք ուզում եւ ուզում ենք հպարտ ապրել ոչ թե լոկ խոսքերով, այլ ինչպես հպարտ ապրել ու արարել ենք: Մենք մերն ենք ուզում, ուրիշինը չենք ուզում: Պարզապես ուզում ենք պատվով ապրել, իսկ պատիվը մեզնից ոչ ոք չի կարող խլել:
— Քրեական գործեր հարուցվեցին ՊԲ նախկին հրամանատարներ Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի եւ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնող Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի նկատմամբ: Ի՞նչ կասեք այս մասին:
— Իրենց հետ չեմ առնչվել, իմ ծառայությունն եմ ունեցել: Ու երբեք, ոչ մի բան նվիրյալների մոտ, ոչ մի բան ոչ կարող են փառք ու զորքով խոսեն, ոչ էլ` գումարով, մենք ոնց եղել ենք, այդպես էլ մնացել ենք: Լավ եղեք ժողովուրդ, մենք մեր հողերի տերն ենք, որովհետեւ մենք մեր հողի գույնի ենք, այդքան բան ենք, հայեր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ