Անահիտ Ավանեսյանը հրաժարվեց հայտնել վիրավոր զինծառայողների թիվը
ՀասարակությունՎիրավորների թիվ ես չեմ կարող հրապարակել, դա պաշտպանության նախարարության լիազարությունների շրջանակում է։ Այս մասին հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ազգային Ժողովում բրիֆինգի ժամանակ։ Նա նաև հրաժարվեց տեղեկատվություն տրամադրել չճանաչված մարմինների մասին։
Նա նշեց, որ բոլոր զինծառայողները և քաղացիական անձինք, որոնք վիրավորում են ստացել, ստանում են համապատասխան բուժօգնություն թե՛ մարզային, թե՛ քաղաքային բժշկական կենտրոններում, և զինվորական հոսպիտալներում։ Ձևավորված է հստակ մեխանիզմ թե՛ շտապօգնության մեքենաների, թե՛ բժշկական կազմակերպությունների աշխատանքի հստակ գծագրությամբ՝ ինչպես է արվում տիրաժը։
«Վիրավորների ընդհանուր թվի, և ընդհանրապես այդ կարգի տվյալների տրամադրումը պաշտպանության նախարարության լիազորությունների շրջանակում է։ Առողջապահության նախարարությունը ժամանակ առ ժամանակ հրապարակում է քաղացիական անձանց վիրավորվածների թիվը, և այսօր մենք ունենք ընդհանուր առմամբ 6 վիրավոր քաղացիական անձ, որոնցից 4–ը ստանում են ստացիոնար բուժում։ Մեկի վիճակը, ցավոք սրտի ծանր է, բժիշկներն ամեն ինչ անում են, պայքարում են նրա կյանքը փրկելու և առողջությունը վերականգնելու համար։ Երկու քաղաքացի ստացել են ամբուլատոր բուժօգնութուն և դուրս են գրվել», – ասաց նա։
Նա նաև նշեց, որ բժշկական նշանակության ապրանքների, սարքավորումների, դեղորայքի ապահովությունը այս պահին ամբողջությամբ իրականացվում է թե՛ կազմակերպությունների կողմից սեփական միջոցներով, թե՛ առողջապահության նախարարության կենտրոնացված մատակարարման ձևով։
«Մենք գնահատում ենք մեր քաղաքացիների նվիրումը, ցանկությունը աջակից լինելու ինչով հնարավոր է, բայց նշեմ, որ որևէ դեղորայք հավաքելու կարիք չկա, և խնդրում եմ որևէ նման հավաքագրման կետեր չստեղծել», – ասաց Անահիտ Ավանեսյանը, հավելելով, որ կան Հայաստանի, Սփյուռքի և միջազգային դոնոր կազմակերպություններ դոնոր կազմակերպություններ, որոնց հետ համակարգված աշխատանք է տարվում հումանիտար պաշարները համալրելու համար։