Արարատ Միրզոյանը մեծ մասամբ դուրս է դրված բանակցային գործընթացից. Մամիջանյան
ՆերքաղաքականԺնեւում կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով: Դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆՆ ուշագրավ փակագծեր բացեց:
— Իմ տեղեկություններով կարող եմ ասել, որ այս պահին բոլոր գործընթացները իրականացվում են Անվտանգության խորհրդի քարտուղարի խողովակով, այլ ոչ թե` ինստիտուցիոնալ ԱԳՆ-ի: Ասել է, թե Արարատ Միրզոյանը մեծ մասամբ դուրս է դրված բանակցային գործընթացից: Իսկ այս հանդիպումները բացարձակ ոչինչ չեն նշանակում եւ չեն հերքում իմ ասածը: Վերադառնալով Միրզոյան-Բայրամով հանդիպման բովանդակությանը` հիշեցնեմ, որ ժամանակին կային Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ, որոնք ձեռք էին բերվել ապրիլյան պատերազմում ռազմի դաշտում հաղթանակից հետո` դիվանագիտական հաղթանակի միջոցով: Բայց դրանք մսխվել են Փաշինյանի կողմից խայտառակ կերպով, որովհետեւ նրա օրոք առաջին հիշատակումը Վիեննայի եւ Սանկտ Պետերբոտւգի մասին եղել է 2019 թվականի դեկտեմբերին այն ժամանակվա, ցավոք սրտի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից, մինչ այդ բացարձակ չէին բարձրաձայնում: Փաշինյանը ստացել էր ժառանգություն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ, որոնք թույլ էին տալիս Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում մշտադիտարկման որոշակի առաքելություն իրականացնել: Մինչդեռ հիմա, ըստ Միրզոյան-Բայրամով հանդիպման մամլո հաղորդագրության, իրենք փորձում են հասնել նրան, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծում լինի մշտադիտարկման առաքելություն: Պատկերացնո՞ւմ եք` որտեղից ուր են հասել` իրենց ապիկարության պատճառով: Բայց չէ որ խոսքը մարդկային կյանքերի մասին է… Էլ չեմ ասում, թե արտաքին քաղաքական համատեքստում ինչ մեծ առավելություններ կկարողանայինք ստանալ, եթե այն ժամանակվա պայմանավորվածություններն իրականություն դառնային:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ