ՆԱՏՕ-ի ուղեղի հիվանդությունը չափից ավելի է խորացել. Լավրով
ՄիջազգայինՀյուսիսատլանտյան դաշինքի ուղեղի հիվանդությունը, որի մասին ժամանակին նշել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, չափից ավելի է խորացել, եթե դատելու լինենք ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինայի իրավիճակի հետ կապված գործողություններով։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը՝ տեսակապով ելույթ ունենալով «Միասնական Ռուսաստանի» հանձնաժողովի նիստում՝ «Էկոլոգիական քաղաքականությունը եւ կայուն զարգացումը» միջազգային միջկուսակցական համաժողովի շրջանակում։
«Ժամանակին նախագահ Մակրոնն ախտորոշել էր «ուղեղի քաղցկեղ» Հյուսիսատլանտյան դաշինքի համար։ Եվ դատելով այն բանով, թե ինչպես է դաշինքը խնամակալում Կիեւի նեոնացիստական վարչակարգին, այդ հիվանդությունը չափից ավելի է խորացել»,- նշել է նախարարը։ «Ինչպես գիտեք, երեկ գումարվել է այսպես կոչված Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովը, դա նախագահ Մակրոնի նախաձեռնությունն էր, եւ այդ գագաթաժողովի արդյունքներով Եվրամիության դիվանագիտության ղեկավար [Ժոզեպ] Բորելը հպարտությամբ հայտարարելէ, որ սկսվում է անվտանգության կառույցի ձեւավորում՝ առանց Ռուսաստանի մասնակցության։ Մի խոսքով՝ պարզապես պարում են Կիեւի դուդուկի տակ եւ խրախուսում նրանց անմիտ ֆանտազիաները, ովքեր դեռ գտնվում են այնտեղ իշխանությունում»,- ասել է նա։