Ինչ է փոխանցել Շառլ Միշելի գրասենյակը եվրոպահայությանը
Ներքաղաքական
«Իրավունքն» անդրադարձել էր, որ Բրյուսելում, Եվրախորհրդարանի դիմաց սեպտեմբերի 15-ին կայացել է ցույց՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված Հայաստանի: Ցույցի մասնակից եվրոպահայությունը պահանջել էր հանդիպում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որպեսզի նա պարզաբաներ, թե իրենց վճարած հարկերի հաշվին աշխատող այդ կառույցն ի՞նչ գործուն քայլեր է անում Հայաստանի սահմանների ողջ երկայնքով այս օրերին ընթացող պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ: Սակայն նրանց ասել էին, թե Շառլ Միշելը արտերկրում է գտնվում: Չսահմանափակվելով այդքանով` եվրոպահայերը նաեւ էլ.հասցեով դիմումներ էին ուղարկել Շառլ Միշելի գրասենյակ եւ պահանջել հանդիպում` շեշտելով, որ րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը:
Պարզվում է` դիմումներն անարձագանք չեն մնացել, եւ օրերս Եվրոպայի խորհրդի նախագահի գրասենյակից եղել է պատասխան: Միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, բելգիաբնակ ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ նամակում մասնավորապես ասված է, թե համոզված եղեք, որ ձեր բարձրացրած տեղեկությունները եւ մտահոգությունները պատշաճ կերպով հաշվի են առնվել:
«Ինչպես տեղյակ եք, ԵՄ-ն արձագանքել է ամենաբարձր մակարդակով` անմիջապես կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները: Եվրոպական խորհրդի նախագահը շարունակում է սերտ կապի մեջ լինել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ղեկավարության հետ, եւ հանձնաժողովի փոխնախագահը դիմել է Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներին: Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին ՄԻՊ/ՎՊ-ի հանձնարարությամբ` սեպտեմբերի 14-ին խորհրդակցություններ են անցկացվել Բաքվում, իսկ հաջորդ օրը՝ Երեւանում: Հրադադարի համաձայնագրից հետո ԵՄ-ն այժմ կողմերին կոչ է անում ապահովել հրադադարի պահպանումը եւ խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունների վերսկսումը: ԵՄ-ն նաեւ աջակցում է երկու կողմերին՝ ապահովելու առաջընթաց միջազգային սահմանի սահմանազատման եւ սահմանազատման հարցում, ինչը, ինչպես ցույց տվեց վերջին զինված առճակատումը, կարեւոր է ապագա բախումների ռիսկը նվազեցնելու համար: Այս տարվա սկզբին կայացած նախնական հանդիպումներից հետո` սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է տեղի ունենա Բրյուսելում մինչեւ 2022 թվականի նոյեմբերի վերջը», - ասված է նամակում` ըստ Սարգիս Սիմոնյանի:
Ի պատասխան դիմումների` ԵՄ-ից ասել են նաեւ, որ ռազմական գործողությունների դադարեցման եւ տեղում կայուն խաղաղության ու կայունության հասնելու համար բարձր մակարդակի դիվանագիտական ջանքերին զուգահեռ` Եվրամիությունն աշխատում է բարելավելու հակամարտությունից տուժած համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակը, այդ թվում՝ ականազերծման օգնության տրամադրման միջոցով:
«ԵՄ-ն ակտիվորեն աշխատում է ինչպես կողմերի, այնպես էլ միջազգային գործընկերների հետ՝ հիմնվելով նախագահ Միշելի կողմից նախկինում կազմակերպված եւ միջնորդավորված չորս եռակողմ հանդիպումների ընթացքում ձեռք բերված արդյունքների վրա: Ճանապարհորդության պահանջկոտ գրաֆիկի պատճառով, ցավոք, անձամբ նրա հետ հանդիպումը հնարավոր չի լինի, բայց վստահ եղեք, որ ԵՄ-ն կշարունակի աշխատել որպես ազնիվ միջնորդ` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ ընդհանուր նպատակ ունենալով աշխատել դեպի անվտանգ, բարգավաճ Հարավային Կովկաս ու խաղաղություն բերել` ի շահ ողջ ժողովրդի», - այսպիսին է նամակի եզրափակիչ հատվածը:
Վերոնշյալ նամակում թերեւս հատկանշական է այն, որ ասված է, թե սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստը տեղի է ունենալու մինչեւ 2022 թվականի նոյեմբերի վերջը: Մինչդեռ Պրահայում կայացած հանդիպումներից հետո` պաշտոնական հաղորդագրություններում նշված էր, թե այն լինելու է հոկտեմբերի վերջին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ