Իսահակյանի ծննդյան 147-ամյակը նշանավորվեց նոր գրքի շնորհանդեսով եւ երգի պրեմիերայով
ՄշակութայինՀոկտեմբերի 30-ին եւ 31-ին մեծանուն հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 147-ամյակին նվիրված միջոցառումները տեղի ունեցան Վարպետի երեւանյան տանը։
Թանգարանի տնօրեն, գրականագետ ԱՆԺԵԼԱ ԽՈՐԵՆՅԱՆԸ ուսանողների եւ աշակերտների հետ կազմակերպված հանդիպում-դասախոսության ընթացքում անդրադարձավ բանաստեղծի թողած գրական ժառանգությանը, ինչպես նաեւ ներկայացրեց բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայումս իրականացվում են թանգարանում։
Վարպետի ծննդյան օրը ուսանողները հնարավորություն ունեցան մասնակից դառնալու հատուկ իրենց համար կազմակերպված շրջայցին, իրենց հարցերն ուղղեցին թանգարանի տնօրենին։
Միջոցառումների շարքում տեղի ունեցավ «Աբու Լալա-Մահարի» պոեմի նոր հրատարակության շնորհանդեսը։ ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ հանգամանալից անդրադարձ կատարեց Իսահակյանի գրականությանը՝ առանձնահատուկ ուշադրության արժանացնելով «Աբու Լալա Մահարի» պոեմին։ Ելույթ ունեցավ նաեւ վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, ով կարեւորեց նոր սերնդի ակտիվ մասնակցությունը թանգարանի կյանքին, որի շնորհիվ հնարավոր է առավել սերտորեն ծանոթանալ իսահակյանական գրական ժառանգությանը։
Միջոցառումների շարքն ամփոփվեց «Վարպետի աշունը» համերգ-ներկայացմամբ։ Տեղի ունեցավ նաեւ Ավ․ Իսահակյանի «Անի» բանաստեղծության հիման վրա գրված երգի պրեմիերան / կոմպոզիտոր ԵՊԿ պրոֆեսոր, կոնցերտմաստեր Մարգարիտ Սարգսյան/։ Վարպետի ծննդյանը նվիրված երկօրյա միջոցառումների ավարտին թանգարանի տնօրենը շնորհակալություն հայտնեց թանգարանի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար եւ հրավիրեց բոլոր այն միջոցառումներին, որոնք պարբերաբար կազմակերպվում են:
ՄԱՐԻԱՄ ԲԵԳՈՅԱՆ