ՌԴ-ն կատարեց իր պատգամը թե՛ տարածաշրջանի երկրների, թե՛ միջազգային հանրության առաջ. Ադոնց
ՆերքաղաքականԱԳ նախարարի նախկին տեղակալ, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան ԱՎԵՏ ԱԴՈՆՑԻ գնահատմամբ` Ադրբեջանն անտեսում է ամեն ինչ:
— Տարիներ առաջ Ալիեւն ուզում էր, որ մենք իրեն գոնե երկու տարածք վերադարձնեինք: Հետո ախորժակն էլ ավելի բացվեց, եւ ուզեց վեցը, ապա` հինգը՝ նկատի ունեմ բացի Քարվաճառից ու Լաչինից: Հիմա ասում է՝ Արցախը Ադրբեջան է, ավելին` ներխուժել է ՀՀ տարածք` արհամարհելով միջազգային կարծիքները, գնահատականները: Դրա համար կարծում եմ` պետք է փոխենք մեր կեցվածքը: Նկատի ունեմ՝ 2020-ի պատերազմի պարտված լինելու դրությունից դուրս գալը: Անհրաժեշտ է, որ մենք եւ իշխանությունները՝ ժողովրդի աջակցությամբ շատ հավակնոտ գաղափարներով եւ ծրագրերով առաջ գնանք: Պետք է ռեսուրսների մոբիլիզիցիա` վերագտնելու ու վերականգնելու ՀՀ տեղը տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության մեջ, որն ունեինք:
— Այս համատեքստում ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Վալդայ» ակումբի լիագումար նիստի ժամանակ արված հայտարարությունները:
— «Վալդայում» ՌԴ նախագահի հնչեցրած մտքերն ու թեզերը սպասելի էին այն ֆոնին, թե ինչ էր կատարվում վերջին շրջանում ՀՀ-ում. հակառուսական տրամադրությունների ակտիվություն, ՀԱՊԿ-ի օրակարգի հետ կապված բուն քննարկումներ եւ, իհարկե` հաշվի առնելով ՌԴ տեղն ու դերը մեր տարածաշրջանում: Սոչիի եռակողմ հանդիպումը նաեւ «Վալդայի» տրամաբանական շարունակությունն էր: Սոչիում ընդգծվեց եւ ՌԴ ռազմական ներկայությունը ողջունվեց տարածաշրջանում: ՌԴ-ն, այնուամենայնիվ, կատարեց իր պատգամը թե՛ տարածաշրջանի երկրների, թե՛ միջազգային հանրության առաջ, որ լինելով բավականին ներգրավված այլ ակտիվ օրակարգում՝ Ուկրաինայում, դա չի նշանակում, որ զուգահեռաբար ՌԴ-ն հնարավորություն, ռեսուրս չունի զբաղվել այլ տարածաշրջանային հարցերով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ