ՔՊ-ի վարչության ընտրության ոդիսականը` ըստ Սիմիդյանի
ՆերքաղաքականԻրավիճակը շարունակում է գերլարված մնալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերում: Մթնոլորտը նույնիսկ չլիցքաթափեց այն, որ կուսակցության վարչության խայտառակ ընտրության եւ վերահաշվարկից հետո` հրաժարական ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը: ՔՊ-ականների շրջանում չեն դադարում վարկածներն ու կասկածները, թե ինչու վարչության կազմը լքեցին ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը` իրենց տեղերը զիջելով ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանին եւ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանին: «Իրավունքի» տեղեկություններով` քչերն են հավատում, որ սա զուտ տեխնիկական խնդիր էր, շատերը նույնիսկ աշխարհաքաղաքական ականջներ են տեսնում այս պատմության մեջ: Սակայն, ՀՀ շրջակա միջավայրի նախարար ՀԱԿՈԲ ՍԻՄԻԴՅԱՆԸ բոհեմական խաղաղությամբ ասաց, որ ոչ մի արտառոց բան չի եղել:
— Կարող եմ ասել, որ որոշ հարցեր են եղել, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերահաշվարկի: Վերահաշվարկը տեղի է ունեցել, որի արդյունքները հրապարակվել են: Որ ասում են ժողովրդավարություն, ժողովրդավարությունը սրա մասին չի՞: Մեր ներսում ժողովրդավարության խնդիր չկա, եթե լիներ՝ վերահաշվարկ էլ չէր լինի:
— Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը չի հայտնվել վարչության կազմում:
— Շրջակա միջավայրի նախարարն էլ չի հայտնվել, ո՞ւ… Ինչի՞ մասին դա պետք է ասի: Ես հաշվիչ հանձնաժողովի անդամ չեմ եղել, անհրաժեշտություն է առաջացել վերահաշվարկ անելու` արվել է: Մամուլում ձեւակերպումներ կան, թե կեղծվել են, ո՞րն է այստեղ կեղծիքը: Եթե ուզում եք՝ հիշեցնեմ, որ անգամ ԱՄՆ-ում Ջորջ Բուշի ընտրությունների ժամանակ եղավ խնդիր, գնացին վերահաշվարկ արեցին, Բուշն ընտրվեց:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ