Հայաստանի նկարիչների միության նախագահ է վերընտրվել Սուրեն Սաֆարյանը
ՄշակութայինՀայաստանի նկարիչների միության նախագահի պարտականությունները 2018 թվականից ստանձնած Սուրեն Սաֆարյանը կրկին վերընտրվել է: Միության 20-րդ համագումարում նկարիչները միաձայն քվեարկել են նրա օգտին, որովհետեւ այլ թեկնածու չի էլ եղել: Կայացած ընտրությունների արդյունքներից Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գոհ է:
«Այսօր ներկա եմ գտնվել Նկարիչների միության 20-րդ համագումարին՝ հյուրի կարգավիճակով: Ուրախ եմ, որ անցած չորս տարիներին Նկարիչների միության հետ ունեցել ենք հրաշալի համագործակցություն: Կրկնակի ուրախ եմ, որ այսօր Սուրեն Սաֆարյանը, ով օրինակելի ղեկավար է դարձել ստեղծագործական միությունների շրջանում, վերընտրվել է այդ պաշտոնում: Շնորհավորում եմ բոլորիս», - գրել է Արայիկ Հարությունյանը:
Թե ինչու է իշխանության համար Սուրեն Սաֆարյանը դարձել օրինակելի ստեղծագործական միությունների շրջանում, թերեւս կարելի է գլխի ընկնել: Հայաստանի նկարիչների միության նախագահը միակն է ստեղծագործական միությունների ղեկավարների մեջ, ով որեւէ ասելիք չի ունեցել՝ ո՛չ նախապատերազմյան, ո՛չ էլ հետպատերազմյան շրջանում, ծպտուն չի հանել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացելու օրակարգի մասին, իսկ Արցախի վերաբերյալ առհասարակ լռել է: Այո, մեր օրերում օրինակելի են համարվում այն արվեստագետները, ովքեր կլնեն ձկան պես լուռ ու հնազանդ իշխանություններին, թեկուզ եթե երկրի կործանումից հինգ է պակաս:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ