Չեմ տեսել, որ թուրքը զանգի, ասի՝ 100 դոլար տամ, կասե՞ս էդ ավտոյի պագռիշկեքը մաշա՞ծ են, սա աբսուրդ է. Աղասյան
ՆերքաղաքականԱրցախյան բոլոր պատերազմների մասնակից, «Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ ՄԽԻԹԱՐ ԱՂԱՍՅԱՆԻ գնահատմամբ՝ հիմա «դավաճան» բառը դարձել է ջուր:
— Պատերազմից հետո՝ հայտարարում էին, թե այսինչ սպային, այնինչ զինվորին 100 դոլար տվել են, ասել է թշնամուն ավտոյի համարը եւ այլն, սա աբսուրդ է: Այսօր տեխնիկան այնքան է զարգացել, որ հանում են տեսանկարահանող սարքերը վերեւ, ավտոյի համարն էլ են տեսնում, զորքի քանակն էլ: Իսկ մնացածն արդեն ցանկացած ռազմական գործիչ գիտի՝ եթե դիմացդ դիրք է, ուրեմն՝ պաշտպանողական օղակ կա, բուժկետ կա, հրետանի կա, տանկային վաշտ կա: Ընդ որում՝ ինչպես իրենք մերը գիտեն, այնպես էլ մենք իրենցը, թե ինչ ունեն: Իրենք հո «պոլիփեդով» չեն կռվում, մենք էլ «ռագատկով»: Այսքան տարի ծառայության մեջ եմ, չեմ տեսել, որ թուրքը զանգի ու ասի. «Բարեւ ձեզ, հարյուր դոլար փող տամ, կասե՞ս էդ ավտոյի պագռիշկեքը մաշա՞ծ են, քանի՞ ավտո ունեք»: Ո՞ւմ զանգի, ինչպե՞ս, չեմ հասկանում: Ընդ որում՝ մարդկանց դավաճան են պիտակավորում նրանք, ովքեր բանակի հետ կապ չունեն ու չգիտեն ոչինչ: Ծովի մեջի մարդը կարող է ասել՝ ջրի խորությունն ինչքան է, սառնությունն՝ ինչքան, ափին կանգնածն ի՞նչ է իմանում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ