Մեզնից պահանջում են, որ ոչ միայն դավաճանենք հայրենիքը, այլ նաեվ` գիտությանը. Գեղամյան
ՆերքաղաքականԹուրքագետ ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄՅԱՆԻ գնահատմամբ` 2019 թվականի ապրիլից ականատես ենք լինում, որ Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունը Էրդողանի ցուցումով ամբողջապես փոխվում է:
— 2019 թվականի ապրիլի 24-ին ունեցանք ոչ թե ելույթ, որտեղ քննարկվում է ընդհանուր ցավը, որին հղում է կատարում Ժիրայր Լիպարիտյանը (ՀՀ առաջին նախագահի խորհրդական), ոչ թե համատեղ կեցությանը կամ այլ հարցեր շոշափող ուղերձներ, այլ խոսվեց Հայաստանի ու հայության դեմ ուղղված մեղադրանքների մասին ու փաստացի հայտարարվեց արցախյան գալիք պատերազմում Թուրքիայի մասնակցության հիմնավորման մասին: Այդ ելույթից հետո թուրքագետներս բարձրաձայնեցինք սրա մասին հնարավոր բոլոր ձեւաչափերով` թե՛ մամուլում, թե՛ փակ հանդիպումներով, բայց որպես կանոն` ստացանք պատասխանը, թե էլի ընկել ենք պատմության գիրկը, մինչդեռ այն իրականության հետ կապ չունի: Իսկ 2020 թվականի պատերազմից հետո, երբ ակնհայտ դարձավ Թուրքիայի մասնակցությունը պատերազմին, ընդ որում` ոչ թե միջնորդավորված, այլ ուղիղ, դրանից հետո սկսեցին ակտիվ քարոզել, թե Հայաստանում մենք ենք հրահրում թշնամանք թուրքերի նկատմամբ եւ Թուրքիայում նման բան չկա: Մենք տեսնում ենք ոչ միայն Էրդողանի բերանից արտասանված հակահայկական թեզեր, այլ, ըստ էության, այդ թեզերի տիրաժավորում հասարակության լայն շրջանակում: Թուրքիայում չեն աջակցում հայերի հետ խաղաղության հասնելու օրակարգը: Մեզ ասում են, թե թուրքագետ չենք, այլ թուրքատյաց ենք, փաստորեն, մեզնից պահանջում են, որ ոչ միայն դավաճանենք հայրենիքը, այլ նաեւ` գիտությանը, որովհետեւ գիտությունը մեզ ապացուցում է, որ ունենք պետություն, որը հակահայկական է` թե՛ իր պետական հռետորաբանությամբ, թե՛ իրականացրած քայլերով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ