Ինչո՞ւ է ռուսատյաց Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամը հայտնվել «Մոսկվայի տանը»
ՄշակութայինԱյսօր արդեն քչերն են հիշում, որ Արցախում տեղի ունեցած եւ Ուկրաինայում դեռ ընթացող պատերազմական գործողություններից առաջ «Բաց հասարակության հիմնադրամների» սեփականատեր Ջորջ Սորոսը ծավալուն հոդվածով էր հանդես եկել՝ կոչ անելով Եվրոպային եւ Թուրքիային գործել ընդդեմ ՀՀ ռազմական դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի: Դեռ այն ժամանակ «Իրավունքն» ուղիղ հարցրել էր «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գրասենյակի ղեկավարությանը, թե արդյոք աջակցելու են Թուրքիային, ինչպես Ջորջ Սորոսն է կոչ անում՝ ընդդեմ ՌԴ-ի, որին ի պատասխան՝ ամենեւին էլ չէին հերքել՝ ասելով, թե՝ չեն մեկնաբանում: Եվ ընդհանրապես՝ երբեւէ կարկառուն սորոսականները չեն էլ թաքցրել իրենց ռուսատյացությունը՝ տարբեր հայտարարություններով, հարցազրույցներով ու ակցիաներով:
Իհարկե, վերոնշյալի մասին այնքան է բարձրաձայնվել, որ թվում է, թե եփած հավին էլ է հայտնի: Մինչդեռ պարզվում է՝ պարբերաբար հիշեցնելու կարիք, այնուամենայնիվ, կա, որովհետեւ առնվազն դժվար է պատկերացնել, որ Երեւանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնը միտումնավոր է ռուսատյաց սորոսականներին հյուրընկալում իր տանիքի ներքո, պատվում ու հարթակ տրամադրում: Այսպիսով՝ օրերս կայացավ «Մոսկվայի տան» կազմակերպած՝ «Ռուս գրողները Հայաստանի մասին» թեմայով ասմունքի մրցույթը, որին մասնակցում էին հայաստանյան բուհերի ուսանողները: Իսկ ժյուրիի կազմում բազմել էր ոչ ավել, ոչ պակաս Սորոսի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ:
Այո՛, այո՛, նույն Բաբայանը, ով իր հարցազրույցներում ասում է, որ՝ «Ռուսաստանը հակագաղափարական երկիր է, նրա ամբողջ գաղափարախոսությունը ստի վրա է կառուցված», եւ այն համեմատում նացիստական Գերմանիայի հետ: Մի մարդ, ով հիմա էլ պնդում է, թե չէր կարելի միանալ ՀԱՊԿ-ին, որովհետեւ ճիշտը արեւմտյան համակարգն է, որը համարում է քրիստոնեական: Բայց, չգիտես ինչու, Բաբայանը երբեք էլ աչքի չընկավ իրական քրիստոնեական արժեքների քարոզով, թեպետ նույն Արեւմուտքն էլ այսօր ավելի շատ հակաքրիստոնեական է, իսկ այ ԼԳԲՏ-ականների թեմատիկայով՝ միշտ առաջամարտիկ է: Ավելին՝ եթե 2019 թվականին «Իրավունքը» չբարձրաձայներ այդ մասին, Տիկնիկային թատրոնն իր տանիքի ներքո որոշել էր գեյ-շոու ցուցադրել: Այնուհետեւ մեծ աղմուկ բարձրացավ, որ նույն թատրոնում որոշել էին հարթակ տրամադրել սատանիստական թեմատիկայով եւ հակակրոնական ատրիբուտներով հայտնի Vader խմբին՝ համերգի համար:
Այսքանից հետո՝ այն, որ Ռուբեն Բաբայանը հայտնվում է Մոսկվայի տան բեմում ու կազմակերպած մրցույթի ժյուրիի կազմում, ինչ խոսք, Սորոսի հիմնադրամի կողմից նույնիսկ պարգեւավճարի եւ արեւմտյան «ռազվետկայի» կողմից հատուկ կոչման է արժանի: Իսկ թե ի՞նչ սկզբունքով, ինչո՞ւ է ուղնուծուծով ռուսատյաց գործիչը հիմա էլ «Մոսկվայի տան» ներսում հայտնվել, այստեղ հարցեր են առաջանում՝ ուղղված կենտրոնի ղեկավարությանը: Հատկապես, եթե «Մոսկվայի տունը» նպատակ չի հետապնդում Մոսկվայի տունը քանդել Երեւանում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ