ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Ասում եք` դեմոկրատիայի բաստիո՞ն, հպարտ քաղաքացինե՞ր: Զահրումար ձեզ: Ընդհանրապես որևէ պետություն այնքանով է քաղաքակիրթ, որքանով տարրական հարմարավետություն է ստեղծում սայլակով տեղաշարժվող քաղաքացիների համար: Իսկ որ նիկոլական «Նոր Հայաստանը» զարմանալիորեն բացարձակ քաղաքակիրթ չէ` երևում է հաշմանդամների հարցերով զբաղվող հնագույն ՀԿ-ի` «Ունիսոնի» ղեկավար ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ նկարագրածից. «Ինչո՞ւ եմ ես և սայլակ օգտագործող այլ երաժշտասերներ զրկված նման համերգներ ունկնդրելուց: Վերջերս վերելակ տեղադրեցին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, մեծ շուքով բացումն արեցին: Ահագին ուրախացա: Այսօր պարզվեց, որ վերելակը «դեռ չի աշխատում»: Հավելեմ, որ անհայտ է մուտքի աստիճանների մոտ նախկինում տեղադրվող շարժական թեքահարթակի ճակատագիրը: Մի խոսքով, շենք մտնել հնարավոր չէ, պարտեր` հնարավոր չէ, ամֆիթատրոն` ևս: Բայց ասում են` եկեք, մի բան կանենք: Ի՞նչ են անելու: Սայլակիս քաշը 130 կգ է գումարած սեփական քաշս...»: Լավ, հետո՞... հանկարծ չասեք, թե «նախկիններն» են մեղավոր, որ նույնիսկ շարժական թեքահարթակն էլ չկա:
Քաղաքակիրթ բաների մասին գլուխ արդուկել սիրող ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆՆ էլ այս անգամ զարմանալիորեն որոշեց սեփական գլուխը գովելով զբաղվել. «Երկու տարի է, ինչ ծառայում եմ ժողովրդիս նախարարի դերում: Ամեն առավոտ ինձ աշխատանքի տարել են սերը և նվիրվածությունը՝ իմ ժողովրդի նկատմամբ, մեր հայրենիքի ազատության համար զոհված նահատակների սուրբ հիշատակն ու վառ ապագայի հավատը…»: Զարմանալի է, հատկապես ինչո՞ւմն է կայանում Քերոբյան Վահանի ծառայությունը... Որ տնտեսությունը շարունակաբար անկո՞ւմ է ապրում, վերամբարձ թվե՞ր են կրակվում, իսկ Լարսով գյուղմթերք տեղափոխելը վաղուց դարձել է անհասանելի երազանք այն դեպքում, երբ նույն թուրքերի կամ վրացիների ֆուռերի համար ոչ մի խոչընդոտ չի ստեղծվում: Սերդ ու նվիրվածությունդ քե՛զ պահիր, «լարսդ» քաշիր, այլապես շարունակաբար Լարսում լռված ամենամեծ ֆուռի ծանրությունն ունեցող քար ես գցում և՛ տնտեսության, և՛ քաղաքացիների բարեկեցության վրա, ամեն օր նիկոլություն ես անում երկրի ու քաղաքացու հանդեպ:
Տեսնել Երևանն ու նոր մեռնել` ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովից հետո վերադառնալով Մինսկ, որևէ հիվանդությամբ չտառապող, Բելառուսի առողջ և առույգ ԱԳ նախարար ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱԿԵՅԸ զարմանալիորեն հանկարծամահ եղավ: Բրիտանական The Daily Mirror թերթը տեղեկացնում է, որ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի անսպասելի եւ առեղծվածային մահը վրա հասավ Հռոմի Պապի բանագնաց Անտե Յոզիչի հետ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու գաղտնի խաղաղության ծրագիր քննարկելու հենց հաջորդ օրը: Նաեւ, նոյեմբերի 28-ին Մակեյը հանդիպում ուներ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նյութում նշվում է, որ Մակեյը Մինսկի և Արևմուտքի միջև հաղորդակցության միակ հիմնական ալիքն էր, ինչի մասին, ի դեպ, ավելի վաղ հայտնելու առիթ ունեցել ենք: Նաեւ այն կասածների մասին, թե` «Պատահակա՞ն է նրա անսպասելի մահը: Թե՞ ինչ-որ մեկը նրան դուրս է հանել, որ խոստացածը չկատարեց: Կամ միգուցե ընդհակառակը` նրան կասկածում էին «տեղեկատվության արտահոսքի» մեջ»: Կարճ ասած` զարմանալի և մութ պատմություն է: Եվ ընդհանրապես համաշխարհային «մեծ խաղում» զարմանալի ու անսպասելի բաներ վերջերս շատ են լինում: Օրինակ` Ռոթշիդների կանխատեսումն արտացոլող The Economist հանդեսի 2023-ի շապիկը զարմանալիորեն խոտան դարձավ դեռ մինչև 2023-ի գալուստը` այդտեղ պատկերված առանցքային դեմքերից մեկի հրաժարականի հետևանքով...
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ