Ինչ է կատարվում «Հայաստան» դաշինքի ներսում
ՆերքաղաքականՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցնում են, որ «Հայաստան» դաշինքի կազմալուծման մասին ալենսիմոնյանական խոսակցությունները չափազանցված են: Սակայն այդ խոսակցություններին «Հայաստան» դաշինքի առաջին դեմքերը չեն շտապում վերջակետ դնել, որովհետեւ սա հարմար առիթ է պատեհապաշտներից ազատվելու համար: Այս գործընթացին կողմ է նաեւ «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ին, որովհետեւ անգամ եթե «Հայաստան» խմբակցությունում մանդատները վայր դնողները շատանան, իրենք էլ ավելի են ուժեղանալու, քանի որ դաշինքի ցուցակի ներքեւի շարքերում ՀՅԴ-ականների պակաս չկա:
Ինչ վերաբերում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻՆ, նրա մանդատը վայր դնելը բոլորովին առնչություն չունի «Հայաստան» դաշինքի կազմալուծումը գուժող լուրերի հետ: Խնդիրն այն է, որ «Հայաստան» դաշինքի մի շարք կարկառուն ներկայացուցիչների գլխին շարունակում է առկախված մնալ աղմկոտ քրեական գործեր, որոնք նույնիսկ նոր թափ ստանալու միտում ունեն: Իսկ այդ պարագայում Արամ Վարդեւանյանի պոտենցիալը շատ ավելի կարեւոր կլինի օգտագործել փաստաբանական տիրույթում: Հատկապես, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկի շահերը պաշտպանող փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորված է, իսկ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ռոբերտ Սահակյանը` մահացել: Այսինքն` կարիք կա, ուժեղացնել փաստաբանական թիմը: Այնպես որ, Արամ Վարդեւանյանի այս քայլը լիովին տեղավորվում է «Հայաստան» դաշինքի մարտավարության մեջ:
Իսկ թե ինչ դրդապատճառներով կլինեն այլ պատգամավորների կողմից մանդատներ վայր դնելու հայտարարություններ, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, անգամ ներկուսակցական հակասությունների ֆոնին, շատերը չեն էլ շտապում մանդատներ զիջել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ