Վլախովիչը մեկնաբանել է Ռայկովիչի կնոջ հետ սիրավեպի մասին լուրը
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» և Սերբիայի հավաքականի հարձակվող Դուշան Վլախովիչը Շվեյցարիայի դեմ ԱԱ-2022-ի երրորդ տուրի հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում անդրադարձել է ազգային թիմում իր խաղընկեր, դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչի կնոջ հետ սիրավեպի մասին լուրին:
«Առաջին հերթին, ցավում եմ, որ ստիպված եմ ասուլիսն այսպես սկսել: Բայց, պետք է արձագանքեմ, քանի որ խոսքն իմ անվան մասին է։ Ստոր, չար մարդիկ աշխատում են ազգային հավաքականի շահերի դեմ: Մենք միասնական ենք, ինչպես երբեք, մթնոլորտն ավելի քան լավն է:
Մեզ աջակցելու փոխարեն նման լուրեր են տարածում: Դա անում են մարդիկ, որոնք կյանքում ոչինչ չեն ստեղծել: Մենք կենտրոնացած ենք ուրբաթ կայանալիք շվեյցարացիների հետ հանդիպման վրա։ Սրանով ես ավարտում եմ այս թեման»,- Վլախովիչի խոսքը մեջբերում է Kurir-ը:
Հիշեցնենք, որ սերբական մամուլում լուրեր տարածվեցին Վլախովիչի ու Ռայկովիչի միջեւ կոնֆլիկտի մասին, ավելի ճիշտ սիրային եռանկյունու, ինչի հետևանքով էլ Վլախովիչը խաղաժամանակ ստանալու խնդիր ունի։ Այս թեմային ֆուտբոլիստից առաջ անդրադարձել է նաեւ դարպասապահի կինը, իր սոցցանցերի էջերում. «Խանդոտ մարդիկ միշտ պատմություններ են հնարում, անխելքները դրանք տարածում են իսկ հիմարները դրան հավատում»։