Պետք չէ զարմանալ, որ խուժանավարի կրակում են. Լարիսա Ալավերդյան
Ներքաղաքական
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ կարծիքով` 2020 թվականի ցեղասպանական ագրեսիայի արդյունքները ոչ թե Ադրբեջանինն են, այլ Թուրքիայինը:
— Ադրբեջանն ինքն էլ շատ լավ գիտի, որ իր բանակը ոչ մի բանի ունակ չէ: Ադրբեջանական բանակը 1918 թվականից չի ունեցել որեւէ հաղթանակ: Նա պարտվել է ամբողջովին 90-ականների սկզբին, երբ միայնակ փորձում էր պատերազմել, թեեւ հայր Ալիեւը էլի վարձկաններ էր հրավիրել: Ադրբեջանը տանուլ է տվել պատերազմը դեռ չկազմավորված եւ նոր-նոր կազմավորվող Արցախի պաշտպանության բանակին: Չնայած ունեցած զինամթերքին ու աջակցությանը, Ադրբեջանը խայտառակ ձեւով պարտվել է, շեշտում եմ` հենց Արցախի պաշտպանության բանակին: Դրա լավագույն վկայությունն են ուղղակի Ադրբեջանի պաշտպանության նախարարի նամակները ՊԲ այն ժամանակվա ղեկավարին: Ուստի` եթե չլիներ Թուրքիայի ուղղակի կառավարումը, եթե ԳՇ պետը Թուրքիայից նշանակված չլիներ, եթե չլինեին վարձկանները եւ այլն, մի կողմի համար ողբերգական, մյուսի կողմից՝ հանցագործ արդյունքները չէին գրանցվի: Դեռ կգա ժամանակը, որ ե՛ւ Թուրքիան՝ որպես կազմակերպիչ, ե՛ւ Ադրբեջանը՝ որպես կատարող այդ ցեղասպանական ագրեսիայի, կկանգնեն ոչ միայն պատմության դատի առջեւ, այլեւ` իրական միջազգային դատարանների: Իսկ ահա այսպիսի գործողությունները, ինչպիսիք Ադրբեջանն այսօր անում է՝ այստեղից-այնտեղից կրակելով խաղաղ բնակիչների կամ պարզապես դիրքում կանգնած զինվորի վրա, հենց ադրբեջանական բանակի ձեռագիրն է: Պետք չէ այսօր զարմանալ, որ նրանք միայն այսպես խուժանավարի այս անկյունից, այն անկյունից կրակում են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ