Հայտնի են դարձել Ռոնալդուի՝ նոր ակումբ տեղափոխվելու մանրամասները
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ օրերս պայմանագիր կկնքի Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ֆուտբոլային ակումբի հետ։ Այս մասին գրում է հայտնի ինսայդեր Նիկոլո Շիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ պայմանագիրը կնքվելու է 2,5 տարով՝ մրցաշրջանում մոտ 200 մլն եվրո աշխատավարձով։ Այս գումարը ներառում է նաև գովազդային եկամուտը: Այսպիսով, Սաուդյան Արաբիայում գտնվելու ողջ ընթացքում պորտուգալացի հարձակվողը կկարողանա վաստակել մոտ 500 մլն եվրո։
Նշվում է, որ գործարքը շուտով կփակվի։
Նոյեմբերին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Ռոնալդուի հետ պայմանագիրը կողմերի փոխադարձ համաձայնությամբ խզելու մասին։ Հարձակվողն ավելի վաղ հարցազրույց էր տվել լրագրող Պիրս Մորգանին, որում հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դավաճանել է իրեն։ Պորտուգալացին քննադատել է ակումբի ղեկավարությանը և մարզչական շտաբին՝ նշելով, որ չի հարգում թիմի մարզիչ Էրիկ տեն Հագին։
Այս պահին Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում պատրաստվում է Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի՝ Շվեյցարիայի հետ հանդիպմանը։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 6-ին, սկիզբը՝ 23.00-ին (Երևանի ժամանակով):