Դամասկոսը չի ընդունել Անկարայի խնդրանքը՝ Ասադի ու Էրդողանի հանդիպման վերաբերյալ. թուրք պատգամավոր
ՄիջազգայինԹուրքիայի իշխող կուսակցության անդամներից մեկը հայտարարել է, որ Դամասկոսը չի ընդունել Անկարայի խնդրանքը՝ Ասադի ու Էրդողանի հանդիպման վերաբերյալ:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Օրհան Միրիօղլուն ասել է. «Դամասկոսը չի ընդունել Անկարայի խնդրանքը՝ Բաշար ալ-Ասադի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վերաբերյալ։ Նրանք որոշել են հետաձգել Սիրիայում Էրդողանի ու Ասադի հանդիպումը` մինչև Թուրքիայում կայանալիք ընտրությունները»։
Հասկանալի է, Բաշար ալ-Ասադի այս որոշումը հիմնավոր է: Նա Էրդողանի հետ հանդիպման հարցում շտապելու որեւէ պատճառ չունի. 10 տարի թշնամություն են արել, կարող է մի քանի ամիս եւս սպասել: Սակայն սպասելով, նրա համար հստակ կլինի` Էրդողանը մնո՞ւմ է Թուրքիայի նախագահ, այսինքն նրա հետ ինչ-որ բան պայմանավորվելն իմաստ ունի՞: Եթե Էրդողանը չընտրվի, ապա մեծ է հավանականությունը, որ իշխանության կգան քրդամետ ուժերը, որը բոլորովին այլ իրավիճակ կստեղծի Թուրքիայումյ, միգուցե Ասադի մանար ավելի ձեռնտու, եւ այդ դեպքում բանակցելով, ավելին կստանա: Եթե լինի հակառակը, հաշվի առնելով, որ քրդամետ դաշինքը ԱՄՆ-ի հովանավորյալներն են, եւ կարող են շատ ավելի կոշտացնել Ասադի հանդեպ դիրքորոշումը, ապա այս պահին Էրդողանի հետ բան պայմանավորվելն իմաստ չի ունենա:
Գումարած, հանդիպելով Էրդողանի հետ, նա կնպաստի Թուրքիայի գործող նախագահի նախընտրական քարոզին. Ասադի հետ հաշտվելու գործոնը Էրդողանը չի հապաղի ներկայացնել, որպես մեծագույն խաղաղասիրական ձեռքբերում: Իսկ Ասադը, այնքանից հետո, ինչ Սիրիայի գլխին բերել է Էրդողանը, հաստատ նրա PR-ին նպաստելու ցանկություն չի ունենա:
Իսկ մյուս կողմից, Ասադ-Էրդողան հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն հայտնել են նաեւ ռուսները: Իսկ դա նշանակում է, որ այդ հանդիպումն Էրդողանին պետք է: Ու եթե Մոսկվան Ասադին «խնդրի»` անպայման հանդիպել, նա հազիվ թե մերժի: Բայց մյուս կողմից, Մեսկվայի համար եւս կարեւոր է` Էրդողանը կմնա՞ իր պաշտոնին: Եթե ոչ, ապա ներկա բոլոր ծրագրերը պետք է զրոյից սկսել:
Կարճ ասած, եթե այս պահին Ասադը դեռ կամուկացի մեջ է` հակված հանդիպումը հետաձգելուն: Կարելի է ենթադրել, որ Մոսկվան եւս սպասելուն կողմ կլինի: Բայց նաեւ կա տպավորություն, որ Էրդողանն ուզում է, որ այդ հանդիպումը, այնուամենայնիվ, կայանա, եւ եթե շատ խնդրի Մոսկվային, Մոսկվան էլ, երեւի, կխնդրի Դամասկոսին: Կարճ ասած, տարածաշրջանում շատ հարցականների պատասխանները տալու ընդունակ այս հանդիպման թեման դեռ փակված չհամարենք: