Գյուղն արդեն կամաց-կամաց մահանում է, արհեստական շնչառությամբ դեռ պահում ենք, բայց...
Հանդիպում
Սյունիքի մարզի Տանձատափ գյուղը մեկն է այն համայնքներից, որը համարվում է ծերացող ու դատարկվող: Լավ և բարեկեցիկ ապրելու երազանքով շատերն են լքել Տանձատափը՝ բնակություն հաստատելով օտար երկրներում։ Այսօր Տանձատափի հիմնական բնակիչները տարեցներ են, որոնք ամեն Աստծո օր հույսով են արթնանում, որ հեսա մի երիտասարդ ընտանիք կորոշի գալ ու իրենց գյուղում բնակություն հաստատի:
«Տանձատափում ապրում են 78 բնակիչ, որոնցից միայն 4-ն են դպրոցական: Գյուղի միակ դպրոցում դասավանդում է 4 ուսուցիչ, ներառյալ՝ տնօրենը: Տարվա այս եղանակին Տանձատափ հասնելու միակ եղանակը «Նիվա» մակնիշի մեքենաներն են: Դրանով է պայմանավորված՝ համայնքի բնակիչների «սերը» դեպի «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենաները»,-ասում է համայնքի վարչական ղեկավար Ռոբերտ Մուշեղյանը, ապա վստահ ավելացնում.
-Մեզ համար մեր գյուղը ամենագեղեցիկն է, բայց զգում ենք, կամաց-կամաց մահանում է մեր գյուղը, բայց դեռ արհեստական շնչառությամբ փորձում ենք կյանք տալ: Գյուղի հիմնական դպրոցն ավարտելուց հետո երիտասարդները հիմնականում Կապանում են շարունակում իրենց կրթությունը: Հիմնականում ծերերով ենք մնացել գյուղում, բայց չենք լքում, հավատում ենք, որ մեր գյուղը դեռ ասելիք ունի: Բա որ լքենք ոնց ենք մեր աշխարհին հայտնի լոբբին աճեցնելու, գիտեք ստեղ ինչ լոբի է աճում:
Գյուղում որեւէ խանութ գոյություն չունի.
-Մենակ դպրոց ու բուժկետ ունենք, առեւտուրն էլ անում ենք հիմնականում շրջիկ մեքենաններից, բայց չենք հուսահատվումմ զատո մեր տանն ենք, մեր հողում, ուր թողենք գնանք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ