Ով է «Հայաստան» դաշինքի նորընտիր պատգամավորներից Արման Ղազարյանը
ՆերքաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության չորս նորընտիր պատգամավորներից մեկը Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի նախկին 19 տարվա համայնքապետ, նախկինում ՀՀ ոստիկանության ներքին զորքերի սպա ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆՆ է, ով նախընտրական դաշինքում հայտնվել է ՀՅԴ-ի ցուցակով, թեպետ ինքն անկուսակցական է:
Նշենք, որ նիկոլական իշխանության օրոք Արման Ղազարյանն ազատվել է պաշտոնից` պաշտոնավարման հերթական ժամկետը լրանալով պայմանավորված: Նա ղեկավարում էր Զոլաքար համայնքը 2002-ից: Սակայն, մամուլում Արման Ղազարյանն առավել հայտնի է ոչ թե երկարաժամկետ պաշտոնավարմամբ, այլ մի շարք մութ պատմություններով:
Բազմաթիվ անդրադարձներ կան այն մասին, որ Արման Ղազարյանի պաշտոնավարման ժամանակ ապամոնտաժվել եւ յուրացվել էր համայնքի հողերը ոռոգելու համար խորհրդային տարիներին կառուցված 1.8 կմ երկարությամբ ջրագիծը: Բացի այդ, Արման Ղազարյանի եւ համայնքի ավագանու որոշումներով Զոլաքարի մակապարտեզի հողատարածքի մի մասն օտարվել էր նրա եղբորը, որն էլ նույն հողը վարձակալության էր տրամադրել հեռահաղորդակցության օպերատորին: Այս գործարքի հետեւանքով համայնքը զրկվել էր լրացուցիչ եկամտից: Երրորդ դրվագով Արման Ղազարյանը համայնքապետարանի հաստիքացուցակում ներառել էր անձանց, որոնք աշխատանքի չէին հաճախել, գտնվել էին ՀՀ-ից դուրս, բայց վարձատրվել էին: Այդ հրապարակումների հիման վրա անգամ քրեական գործեր էին հարուցվել, իսկ թե ինչ ճակատագիր ունեցան դրանք, համենայնդեպս, «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից պարզել չհաջողվեց:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ