Առ այս պահը քանի պատգամավոր է հրաժարվել «Հայաստան» դաշինքից
Ներքաղաքական2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն, «Հայաստան» դաշինքը ստացավ 29 պատգամավորական մանդատ: Անցել է ընդամենը մեկ տարի եւ դաշինքից արդեն 18 պատգամավոր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ու հրաժարվել մանդատից: Որոշ քաղաքական եւ փորձագիտական շրջանակներ սա աննախադեպ են համարում հայաստանյան խորհրդարանական պատմության մեջ:
Հատկանշական է այն, որ առաջինը պատգամավորական մանդատից հրաժարվեց հենց առաջին համարը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա հետ միասին ԿԸՀ ինքնաբացարկի դիմում ներկայացրեցին նաեւ Կարեն Կարապետյանի օրոք վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը եւ ԵՊՀ եվրոպական լեզուներ եւ հաղորդակցություն ֆակուլտետի դասախոս Մարիաննա Եփրեմյանը: Մանդատ չվերցրեց Առուշ Առուշանյանը եւս՝ նախընտրելով Գորիսի համայնքապետ լինել:
Իսկ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը մանդատը վերցնելուց կարճ ժամանակ անց հայտարարեց, որ վայր է դնում այն: Նրան հաջորդեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի, ապա Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի հրաժարականները:
Վերջին ինքնացարկների շարքի բացումն արեց Կարեն Կարապետյանի օրոք վարչապետի օգնական, իրավաբան Արամ Վարդեւանյանը: Այնուհետեւ դաշինքից դուրս եկան «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Ելենա Կիրակոսյանը:
Իսկզբանե մանդատ վերցնելուց հրաժարվեցին նաեւ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հարսը՝ բժշկուհի Ռիմա Ղազարյանը, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Մարիա Պետրոսյանը, գնդապետ Սայաթ Շիրինյանը, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ