Եթե այս շրջափակումը շարունակվի եւս մեկ շաբաթ, սա բերելու է ծայրահեղ իրավիճակի. Տիգրան Աբրահամյան
ՆերքաղաքականԱրդեն 10-րդ օրն է, ինչ փակված է Հայաստանն Արցախին կապող միակ կյանքի ճանապարհը: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ գնահատմամբ` 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը սահմանում է, որ Բերձորի միջանցքում վերահսկողություն իրականացնող կողմը ՌԴ-ն է՝ ի դեմս ռուս խաղաղապահների: Բայց պետք է նախ հիշել՝ ովքեր են ստորագրել այդ փաստաթուղթը. հայկական կողմը` որպես կողմ, ինքն է վերապահել այդ լիազորությունը ռուս խաղաղապահներին, այսինքն` հենց միայն այս մասով Հայաստանը եւս ունի պատասխանատվություն:
— Հիմա Արցախում այնպիսի վիճակ է, որ մենք չպետք է քննարկենք՝ ով է պատասխանատուն, ով պետք է «խոդ» աներ ու չի արել եւ այլն: Ունենք փաստ, որ իշխանությունը բերել հասցրել է նրան, որ ընտրություն պետք է կատարենք վատի եւ շատ վատի միջեւ, եւ երկրորդ փաստը՝ ռուս խաղաղապահները չեն կատարել պատշաճ իրենց գործառույթները: Սակայն, ցանկացած պարագայում պատասխանատուն երկրի իշխանությունն է՝ անկախ այն բանից՝ տվյալ պահին իշխանության ղեկին Նիկոլն է, թե` Պողոսը: Կա մի կարեւոր հարց, որից այս իշխանությունը խուսափում է, ու մանիպուլյացիա է իրականացվում: Գլխավոր խնդիրն է հասկանալ` լավ, եթե ՌԴ-ն իր ֆունկցիան չի իրականացնում ու որեւէ փուլում լինում է ոչ էֆեկտիվ, ապա ո՞վ պետք զբաղվի Արցախի մեր հայրենակիցների ճակատագրով: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, վաղը կարող է տեղի ունենալ ՀՀ ցանկացած մարզում: Աստված չանի՝ գանք հասնենք այդ կետին ու ասենք՝ Հայաստանը չունի այդ հնարավորությունը, ռեսուրսը, ու տվյալ մարզում անվտանգություն իրականացնելու որեւէ նպատակ չի կարող լինել: Այդ ժամանակ էլ կառաջանա ռուսական 102-րդ ռազմաբազայի խնդիրը, կասեն՝ գիտեք, ՌԴ-ն ՀՀ-ի հետ ուներ պայմանավորվածություն, չիրականացրին, բա ի՞նչ աներ խեղճ իշխանությունը: Այս իրավիճակում ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը՝ անկախ այն բանից, թե ինչ է անում երրորդ, չորրորդ կողմը: Եթե այս շրջափակումը շարունակվի եւս մեկ շաբաթ, սա բերելու է ծայրահեղ իրավիճակի: